Օրեր առաջ հայտարարվեց՝ քաղաքական գործընթացների անկանխատեսելի զարգացումները պարտադրում են ձևավորել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը։ Պարզելու համար, թե ովքե՞ր են ընդգրկված և ի՞նչ գաղափարի շուրջ են հավաքված այստեղ գտնվողները ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց «Երրորդ ուժ»-ի առանցքային դեմքերից Հայաստանի դեմոկրատական կուսակ­ցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։

Նրա գնահատմամբ՝ «Երրորդ ուժ»-ը հասկացություն է, որտեղ ընդգրկված անձինք հավաքված են գաղափարի շուրջ, այն է՝ այս իշխանությունների հեռացումը․ «Մեր առաջին խնդիրը այս իշխանություններից ազատվելն է։ Մենք նրանց հետ ենք, որոնք պահանջում են Նիկոլի և իր կառավարության հրաժարականը՝ քաջ գիտակցելով, որ այն, ինչ եղավ վերջին տարիների և ամիսների ընթացքում, խայտառակություն է և դրա հետևանքները հաղթահարելու համար երկար ժամանակ է պահանջվելու։ Երկրորդը, թե ինչու այն ուժերի հետ չենք, որոնք այսօր պայքարում են, պատճառն այն է, որ, մեր կարծիքով, այն համակարգը, որը 30 տարի գործել է Հայաստանում և՛ նախորդների, և՛ այսօրվա իշխանության օրոք՝ անընդունելի է մեզ համար և հենց դա է մեղավորը, որ հասել ենք այս վիճակին։ 30 տարվա ընթացքում, իհարկե, եղել են հաջողություններ, փոփոխություններ, բայց ձևավորել են այնպիսի համակարգ, որը երկիրը բերել է սոցիալական բևեռացման, տնտեսական կացութաձևի, որը հավասար պայմաններ չի ստեղծում, առաջացրել է բազմաթիվ արատներ։ Համակարգից հրաժարվել նշանակում է ընդգրկել այնպիսի մարդկանց, որոնք կարող են նոր ուղի նախանշել և այդ քաղաքական գիծը իրականացնել։ Նախաձեռնության մեջ ընդգրկված են Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «Հայահավաք» նախաձեռնության անդամները, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ-ի ղեկավարներ Արշակ Զաքարյանն ու Տիգրան Չոբանյանը, սահմանադրագետ, համալսարանում ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, գործարար Արտակ Թովմասյանը, որը ներկայացնում է իր հիմնադրամը և բացի այն, որ բավականին աշխատանքներ է կատարել Արևմտյան Հայաստանում, ուզում է զբաղվել Հայաստանի խնդիրներով՝ հասկանալով, որ այն տնտեսական ծանրագույն վիճակում է։ Ընդգրված են նաև բազմաթիվ մտավորականներ, «Ի պաշտպանություն Արցախի» կազմկոմիտեն, որը պայքարում է վերադարձնելու տարածքային ամբողջականությունը։ Մարդիկ, որոնք չեն գնում այսինչի, այնինչի հետևից, պետք է գան գաղափարի հետևից և դրա համար է, որ ասում ենք՝ «Երրորդ ուժ»-ն իր հետ բերելու է գաղափարախոսություն։ Մենք որևէ ցանկություն չունենք պառակտելու, հակասություն առաջացնելու ընդդիմության շրջանում։ Մենք միասնական ենք այն ուժերի հետ, որոնք պահանջում են Փաշինյանի հրաժարականը և սրանցից ազատվելուց հետո գնանք մեր ուրույն ճանապարհով, որը նախանշել ենք»,- ասաց նա։

Սարգսյանի գնահատմամբ՝ Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակը թոթափելու ուղին պետությունը զավթած իշխանությունից օր առաջ ազատելու և ժամանակավոր կառավարության ստեղծումն է․ «Բանակը ևս դեմ է դուրս եկել նրանց և հույսը միայն ոստիկանության վրա դնելը շատ արագ փլուզվելու է։ Այդպիսի իշխանությունը երկար կյանք ունենալ չի կարող։ ԶՈՒ-երի հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ նրանք պատասխանատու են ոչ միայն սահմանի, այլև ներքին անվտանգության համար։ Բանակը սահմանադրորեն ոչ թե չպետք է միջամտի քաղաքական պրոցեսներին, այլ հակառակը պետք է զբաղվի պետության պահպանմամբ ու գոյատևմամբ։ Այստեղ պետության խնդիրն է՝ կամ մենք կորցնում ենք պետականությունը, բայց այդ դեպքում ո՞ւմ ենք մեղադրելու, կամ հասկանալով, որ այն վտանգված է՝ բոլոր հնարավոր միջոցները պետք է իրականացնենք պետականությունը պահպանելու համար։ Հետևաբար, եթե տեսնում ենք, որ վաղը ավելի վատ երևույթներ են ի հայտ գալու, ապա պետք է կանխել»,- նշեց նա։

Որպես նոր ձևավորված «Երրորդ ուժ»-ի կարևորագույն դեմքերից մեկը՝ Սարգսյանը գտնում է, որ նոր ուժի հաղթաթուղթը հայահավաքության, ամբողջ ներուժի, բոլոր կարողությունների հավաքագրումն է․ «Մեր թշնամիները միշտ վախեցել են մեր միասնությունից և փորձել են պառակտել, որպեսզի Սփյուռքից հրաժարվենք։ Երբ հավաքվենք, ներկայացնենք ծրագրային դրույթներ՝ հավատացնում եմ, որ հայության լավագույն հատվածը կմիավորենք։ Սա գլխավոր հարցն է, որը պետք է իրականացնենք, ինչը կբերի ժամանակակից համակարգ ձևավորելուն։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք առաջիկա հանրահավաքի ժամանակ կներկայացնենք»,- նշեց նա։

Սարգսյանի խոսքով՝ թեև վաղ է ընտրություններին գնալու ձևաչափի մասին խոսելու համար, սակայն նշեց՝ ձևավորված խորհուրդը առաջիկայում այդ հարցը կքննարկի և կորոշենք՝ ինչպես գնալ ընտրությունների․ «Այո, ազգի էլիտան Նիկոլ Փաշինյանին դեմ է, և հենց այդ հատվածը կորոշի՝ ինչպես, ինչ կարգախոսով, ինչ հարցադրումով կգնանք ընտրությունների»,- եզրափակեց Արամ Սարգսյանը։

Սոնա Հարությունյան