Մարտի 12-ին հերթական կրակոցներն են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ «Հին Թաղեր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։55ի սահմաններում նշված ռեստորանում հաճախորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ 1 հոգի իր մոտ եղած ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, ապա դիմել փախուստի։

Ոստիկանները պարզել են, որ վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Հունանյանը իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել, ապա Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։

Քննչական խումբը պարզել է, որ «յաշիկը» եղել է 41 PR 004 համարանիշի, որից հետո հայտնաբերվել է «յաշիկը» ու քննչական գործողությունների արդյունքում, որը տևել է մի քանի ժամ, հաջողվել է հասնել նրան, որ Է. Հունանյանը ներկայացրել է ինքնաձիգն ու 2 փամփուշտատուփ։

Փամփուշտատուփերի մեջ եղել են մեծ թվով փամփուշտներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 հատ պարկուճ, 1 փամփուշտ։

Աղբյուրի տեղեկություններով՝ նա աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի Սևանի հենակետի պետ, կոչումով կապիտան է։