Ազգային անվտանգության ծառայությունը կառավարությանն է ներկայացրել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, ինչպես նաև սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
Առաջարկվող փոփոխությունների հիմնավորման մեջ ասվում է․
«Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով, չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս»:
Հիմնավորման մեջ նաև ասվում է, որ բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում' անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ։