Անհետացած կովերից ոչ մի նորություն չունենք, Շուռնուխում անհասկանալի և անորոշ իրավիճակ է: Դիմել ենք սահմանապահներին, իրենց պատասխանն էլ անփոփոխ է, ասում են՝ մենք էլ ենք սպասում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:

Նա նշեց, որ թեև սպասում են սահմանապահների և մարզպետարանի կողմից որևէ արձագանքի, բայցև հույս չունեն, որ այն դրական կլինի: Այն, որ արդեն երկրորդ անգամ է՝ Շուռնուխից անասունների անհետացման դեպք է գրանցվում, ըստ գյուղապետի, առաջին հերթին անասնապահների մեղքն է. «Անասունին նախ պետք է տեր կանգնի անասնատերը: Ամեն մեկն իր բացթողումն ունի, բան չունեմ ասելու, բայց սկզբից դու ինքդ պետք է քո ապրանքը հսկես, նոր մեղավորներ փնտրես. ռուս խաղաղապահին ու սահմանապահին են մեղադրում, իրենք ի՞նչ անեն, գյուղի անասունների համար չոբան աշխատե՞ն»,- ասաց Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ Գավրուշի կովերի անհետացումից օրեր անց, նրա մնացած անասունները նորից այդ նույն մայրուղու վրա էին:

Այստեղ գյուղապետը գյուղացիների կողմից հնարավոր դիտավորություն նկատեց. «Ես չեմ հասկանում դիտավորյալ են անո՞ւմ, ի՞նչ երաշխիք ունեն, որ կառավարությունը կփոխհատուցի նրանց կրած վնասը: Երևի մտածում են, որ իրենց կովը ամենաշատը կարող են վաճառել 150.000 դրամով, դրա փոխարեն կտան թուրքերին, կառավարությունն էլ կգա, կփոխհատուցի 300.000 դրամի չափով»,- ընդգծեց գյուղապետը:

Վերջինս նկատեց, որ իր համար գերխնդիր է ոչ թե փոխհատուցում ստանալը, այլ այն, որ ադրբեջանցին ծաղրում է նրանց. «Ադրբեջանցին ամեն մի կով տանելուց մեզ վրա մի 3 ժամ ծիծաղում ու հռհռում է, այստեղ հարցը փոխհատուցումը չէ, այլ՝ ամոթն է, որ մեր կովն անցնում է իրենց սահմանը»,- ասաց Հակոբ Արշակյանը չբացառելով, որ վաղն էլ կովի փոխարեն կարող է երեխա լինել, որը կհատի սահմանը կամ արբած մարդ. «Շուռնուխում անհանգստանալու շատ բաներ կան, ամեն ինչ հնարավոր է, պետք է նախ դու ինքդ զգուշավորություն ցուցաբերես»,- ասաց նա:

Ըստ գյուղապետի՝ բոլոր տեսակի խնդիրները կլուծվեն միայն այն ժամանակ, երբ ադրբեջանցիները ետ քաշվեն իրենց գյուղից. «Եթե ոչ 3 կամ 5 կմ, ապա գոնե 1 կմ ետ քաշվեն մեր գյուղից, բավարար կլինի մեզ համար: Այդ դեպքում այլևս ոչ ոք ու ոչինչ չի կորի՝ ո՛չ կովը, ո՛չ կինը, ո՛չ էլ երեխան»,- եզրափակեց գյուղապետը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Շուռնուխի բնակիչ Գավրուշ Հակոբյանի՝ 13 կովերն էին անցել թշնամու հսկողության տակ գտնվող տարածք։ 

Զվարթ Պետրոսյան