Վերջին ամիսներին գնաճը չնկատել, պարզապես, անհնար է, իսկ այսօր էլ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, ըստ ԿԲ-ի կանխատեսումների, մինչև տարեվերջ գնաճը կվերադառնա իր նորմալ թիրախային մակարդակին: Օրեր առաջ էլ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում վերահաստատեց, որ հնարավոր է ապահովել երկնիշ տնտեսական աճ:

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, որն այնքան էլ լուրջ չընդունեց այդ երկու հայտարարությունները. «2020 թվականի Հայաստանի տնտեսական անկման վերաբերյալ Կառավարության և Կենտրոնական բանկի կանխատեսումներից և որևէ մեկը չի համապատասխանել իրականությանը: Անկումը ավելի շատ է եղել, քան նրանք կանխատեսել են թե՛ տարեսկզբին և թե՛ տարվա ընթացքում: Նրանց աշխատանքը պետք է հիմա երևա, երբ որ կա գների աճ, կա տնտեսական ճգնաժամ, պետք է հասկանալ, թե նրանց կատարած աշխատանքը որն է այստեղ, ինչ մեխանիզմներով են կարգավորում գնաճը կամ վերահսկում»,- նշեց տնտեսագետը:

Նա նկատեց, որ, տնտեսական իրավիճակով պայմանավորված, դրամի արժեզրկումը կշարունակվի, իսկ տնտեսական ակտիվությունը էլ ավելի կնվազի՝ կապված առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ. «Տնտեսական ակտիվությունը ավելի կնվազի, քանի որ խոշոր և միջին ներդրումային նախագծերը իրենց քաղաքականությունը պայմանավորում են նաև տվյալ պահին երկրում քաղաքական իրավիճակով: Իսկ այս պահին երկրում կա քաղաքական անկայուն վիճակ, նաև հետպնդում որոշակի խմբերի նկատմամբ և պատահական չէ, որ այս տարի շարունակվում է դոլարի արտահոսքը դեպի ՌԴ և ԱՄՆ»,- ընդգծեց Սուրեն Պարսյանը:

Ըստ վերջինիս՝ գնաճը, որպես տնտեսագիտական երևույթ, բացասական չէ, խնդիրը այն է, որ այն չկառավարվող է: Իսկ պետությունը պետք է մշակի մեխանիզմներ, որով էլ կկարողանա վերահսկել գնաճը. «Եթե մենք չկարողանանք այդ ապրանքների մի մասը մեր երկրում արտադրել, ապա մեծ կախվածություն կունենանք համաշխարհային շուկայում գների փոփոխության հետ: Մասնավորապես, եթե, օրինակ, ՌԴ-ում ձեթի կամ կարագի գինը բարձրանա՝ այն ուղիղ ազդելու է մեր շուկայի վրա»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ եթե կա գնաճ, ապա երկրում պետք է միաժամանակ լինի նաև արտադրանք, որը Հայաստանում չկա. «Օրինակ՝ մեզ մոտ բարձր ձվի գին կա և ձվի արտադրությունը պետք է մեծանար Հայաստանում, իսկ մեզ մոտ այս գործընթացները չընթացան. բարձր գին կա, իսկ տնտեսությունն ու արդյունաբերությունը շարունակվում են կրճատվել և ոչ թե աճել»,-ասաց նա:

Սուրեն Պարսյանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունները թերացել են ոչ միայն արդյունաբերական, այլև գյուղատնտեսական ոլորտներում. «Մենք մեծ կախվածություն ունենք դրսից. եթե կառավարությունը ունենար գյուղատնտեսության արդյունավետ ծրագրեր և ցույց տար, որ, օրինակ, հավի մսի, ցորենի ուղղությամբ այս-այս ծրագրերն ենք իրականացնելու և մենք դրանք Հայաստանում ենք արտադրելու, ես կարող էի հավատալ, որ հնարավոր է տարեվերջին գնաճը վերադառնա իր նորմալ թիրախային մակարդակին: Բայց, քանի դեռ այդ գործողությունները չկան, ակնհայտ է, որ մեր երկրի գնաճը, ազգաբնակչության կենսամակարդակը կախված է լինելու համաշխարհային քմահաճույքից: Եթե ինչ-որ փոփոխություն էլ լինի՝ լինելու է, ի հեճուկս, իշխանության. եթե ՌԴ-ում գները նվազեն, մեզ մոտ էլ նվազեն, դա մեր իշխանության շնորհքը չի լինի, քանի որ նրանց ճիշտ կառավարման շնորհիվ չի լինելու, այլ՝ դրսի ազդեցության»,- պարզաբանեց տնտեսագետը:

Անդրադառնալով Վահան Քերոբյանի կանխատեսումներին՝ մեր զրուցակիցն ասաց, որ եթե շարունակվի այս գնաճի տեմպը, և եթե տարեվերջին ունենանք երկնիշ տնտեսական գնաճ, ապա, այո՛, մեր տնտեսությունը ևս երկնիշ թվերով կաճի, բայց դա կլինի անվանական աճ. «Այսինքն՝ ապրանքների գները կաճեն, դրամը կարժեզրկվի և դրա հաշվին կարող են ունենալ տնտեսական երկինիշ աճ, բայց այդ աճից ոչ մեկ չի օգտվի, ճիշտ հակառակը՝ աղքատությունը կխորանա»,- նշեց Սուրեն Պարսյանը՝ հավելելով՝ գների աճը ձեռնտու է կառավարությանը, որովհետև բարձր գնաճի պայմաններում ավելի շատ հարկեր են հավաքագրվում.«Նրանք դարձյալ գլուխ կգովան, կասեն՝ տեսե՛ք, հարկերը շարունակում ենք հավաքագրել՝ մոռանալով նշել, որ հավաքագրումը պայմանավորված է բարձր գնաճով՝ ի հաշիվ հասարակության սոցիալապես անապահով և միջին խմբերի, քանի որ հենց նրանց գրպանից են հարկերը հավաքագրվում»,- եզրափակեց Սուրեն Պարսյանը:

Զվարթ Պետրոսյան