Այսօր՝ ապրիլի 17-ին, «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարին ելույթ ունեցավ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը:
Նա ողջունեց հանրային միավորի ստեղծման գաղափարը, հատկապես այս պահին, երբ հայրենիքի առջև ծառացած վտանգ կա. «Պատերազմի ավարտից անցել է կես տարի։ Բազում մարտահրավերների առջև ենք կանգնած։ Կարծում եմ՝ վերջին իրադարձությունները էապես մեծացրել են բոլորիս պատասխանատվությունը։ Հայրենիքը մեր նվիրումի, միասնականության և համախմբման կարիքն ունի Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում։
Պետք է կրկին մեր մեջ ուժ գտնենք, ինքնակազմակերպվենք, որպեսզի կարողանանք վերագտնել մեր ոտնահարված արժանապատվությունն ու խարխլված հավատը», - ասաց նա:
Վարդանյանի խոսքով՝ բոլորս պետք է գիտակցենք, որ մեր կռիվը դեռ չի ավարտվել և դեռ անելիք ունենք. «Ես վստահ եմ՝ մեր հաղթանակները դեռ առջևում են: Հերթական փորձության միջով ենք անցնում, բայց հուսով եմ՝ այս փորձությունից դուրս կգանք իմաստնացած և ուժեղացած։ Մենք պարտավոր ենք շարունակել մեր հերոսների գործն ու հասցնել հաղթական ավարտի», - ընդգծեց Արման Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում