Մահացել է «Մարի Իզմիրլյան» մանկատան սաներից մեկը. մահն արձանագրվել է երիկամային անբավարարվածությունից։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը։

«Մահացողն ի ծնե տուբերոսկլորոզ է ունեցել։ Պետք է նշել, որ այդ հիվանդությունը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի հետեւանքով ախտահարվում են հենց թոքերն ու երիկամները։ Հիվանդության հետեւանքով ախտահարված են եղել աղջկա թոքերը եւ երիկամները։ Մահն արձանագրվել է հենց երիկամային անբավարարվածությունից։ Հիվանդությունը երեխայի մոտ ի ծնե է եղել, հենց այդ պատճառով էլ ծնողները ցանկություն էին հատնել, որ նրա խնամքը հանձնվի մանկատանը»,- ասաց մամուլի քարտուղարը։

Նա նշեց, որ աղջիկը տեղափոխվել էր բժշկական կենտրոն, մեկ շաբաթ եղել է վերակենդանացման բաժանմունքում. «Այդ ընթացքում աղջկան տեսակցել են մայրը, տատիկը եւ մյուս հարազատները։ Նրանք բոլորը երեխայի առողջական վիճակի մասին տեղյակ են եղել, հիվանդության մասին՝ նույնպես»։

Մանուչարյանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ ոստիկանությանը տեղյակ են պահել, կատարվել է նաեւ դատաբժշկական փորձաքննություն։