«168 ժամ» թերթը գրում է. «Մեզ հաջողվեց պահպանել Արարատյան դաշտը, Երևանը և մեկ արոտավայր Տավուշում, կեցցե Նիկոլ Փաշինյանը»,- ինչ-որ ժամանակ հետո այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ կարող են հնչել, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պահպանել իշխանությունը Հայաստանում։ Սյունիքում ու Գեղարքունիքում տեղի ունեցող իրադարձություններն առանց պատերազմի Հայաստանն էքսպանսիայի ենթարկելու ցցուն օրինակներ են, իսկ ադրբեջանաթուրքական էքսպանսիան, ինչպես հայտնի է, սահմաններ չունի։

Հիմա Ադրբեջանն առանց պատերազմի ցանկանում է ու վերցնում է այն, ինչի մասին Հայաստանում այլ իշխանության պարագայում կարող էր միայն երազել։ Հարցը՝ ինչո՞ւ է հիմա հնարավոր դարձել անհնարին թվացողը, մեծ հաշվով, ունի երկու հնարավոր պատասխան՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանն իսկապես դավադրությունների մասնակից է և հանձնում է Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածություններով խոստացած տարածքները, կա՛մ պատերազմում պարտված նրա իշխանությունն այնքան թույլ է, որ Ադրբեջանը գործում է ուժեղի դիրքից, իսկ հայկական կողմը ելնելով թուլությունից՝ չի կարողանում համարժեք պատասխանել։

Այսինքն՝ գործ ունենք կա՛մ դավաճանության, կա՛մ իրողության հետ, որ Նիկոլ Փաշինյանը՝ հանուն իշխանության պահպանման, թշնամուն է զիջում հայկական տարածքները։ Երկուսն էլ հակապետականության դրսևորումներ են։

Նիկոլ Փաշինյանի իշխանության համար Հայաստանը չափազանց թանկ գին է վճարում, հազարավոր զոհերին ավելանում են ռազմավարական նշանակության տարածքները, վաղն այդ գինը կարող է բազմապատիկ ավելի դառնալ։

Հայաստանում ադրբեջանական ու թուրքական ազդեցության գործակալների մասին խոսում է մեկը, ով գլխավորում է ադրբեջանաթուրքական երազանքներն իրականություն դարձրած իշխանությունը։ Գողը, ինչպես հայտնի է, ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին։ Նույնը, երևի, գործակալների պարագային է։ Իրականում, սակայն, այս իրադարձություններով Ալիևը գաղտնազերծում է իր իրական գործակալներին, որոնց մի մասը գուցե տեղյակ էլ չէ, որ հատկապես Ալիևի գործակալն է։

Այս պայմաններում Հայաստանը պատրաստվում է ընտրությունների, որոնց մասնակցելու են ոչ միայն ու ոչ այնքան՝ ծագումով հայկական քաղաքական ուժերը, որքան դաշնակից ու թշնամական մայրաքաղաքների գործակալատեր գրասենյակները, այդ թվում՝ նրանք, որոնց գծագրած սցենարներով այս օրերին վերաձևվում է Հայաստանի պետական սահմանը։

Քաղաքական դաշտի ներկայացուցիչները, չհաշված հերթապահ բաժակաճառերը, ընդհանուր առմամբ հաշտ են այս իրողության հետ և հաճույքով մասնակցում են մի մրցության, որի նպատակը Հայաստանի սահմանների ադրբեջանաթուրքահաճո գծագրումն անշրջելի դարձնելն է։

Ինչ վերաբերում է ընտրությունների հիմնական սուբյեկտին ու շահառուին՝ հասարակությանը, ապա տեղի ունեցողի նկատմամբ այն անտարբեր է համարյա այնքան, որքան միջազգային հանրությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնձգության փաստի առթիվ։ Իսկ իշխանությունն անձնուրաց աշխատում է Երևանն ու Արարատյան դաշտն անառիկ պահելու ազգափրկիչ ծրագրի վրա, որը հարմար պահի կվաճառվի՝ կյանքն անխռով վայելողներին»: