Առաջիկա հինգ տարիներին, ամենայն հավանականությամբ, առնվազն մեկ ռեկորդային շոգ տարի է սպասվում, հայտնում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ԱՀԿ) ՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայության հետազոտությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ հետազոտության՝ «90 տոկոս հավանականություն կա, որ առնվազն մեկ տարի 2021-2025 թվականների միջեւ ամենաշոգը կլինի»,- ասվում է ՄԱԿ-ի կայքում:
Շոգ տարում ջերմաստիճանը կգերազանցի 2016-ի ցուցանիշները: Նշվում է, որ միջին տարեկան գլոբալ ջերմաստիճանը նախաարդյունաբերական մակարդակից բարձր կլինի 1.5 աստիճանով:
«Ջերմաստիճանի բարձրացումը սառույցի ավելի ակտիվ հալեցում, ծովի մակարդակի բարձրացում, ջերմային ալիքների եւ այլ ծայրահեղ եղանակային պայմանների ավելացում կնշանակի, ինչպես նաեւ' ավելի մեծ ազդեցություն սննդամթերքի անվտանգության, առողջության, շրջակա միջավայրի եւ կայուն զարգացման վրա»,- ասել է ԱՀԿ Գլխավոր քարտուղար Պետերի Տաալասան: