ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձավ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում հայկական կողմի զիջումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ 1999-ին օրակարգ է բերվել Մեղրին փոխանակելու տարբերակը։ Այդ տարբերակը, իհարկե, Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի ջանքերով նախ վիժեցվել է, և, ըստ որոշ գնահատականների, հետագայում մերժվել է նաև Ադրբեջանի կողմից. բայց, այս հատվածը, օրինակ, չեմ կարող ասել, որ կարող եմ հիմնավորել և ապացուցել»,- նկատեց Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ Մեղրիի տարբերակը չի իրագործվել, շատ կարևոր համարելով արձանագրելը, որ այն թղթերը, որոնք դառնում են բանակցային օրակարգ, դառնում են բանակցային բովանդակություն։

«Ադրբեջանական կողմն ստացել է շատ կարևոր բան. բանակցային բովանդակությամբ արձանագրվել է, որ Շուշիի շրջանն առանձին երևույթ է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում։ Արձանագրվել է որ Շուշիի շրջանն առանձին է Լեռնային Ղարաբաղից և դրվել է Լաչինի շրջանի հետ նույն շարքում, իսկ Լաչինի շրջանն այն շարքից էր, որը 1999 թվականի և հետագա տարիների արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն անվանում էր օկուպացված տարածք»,- շեշտեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ հաջորդ զիջումը, որ տեղի է ունեցել, 1999թ. նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունված Եվրոպայի անվտանգության խարտիան է, որտեղ հստակ արձանագրվել է, որ Լեռնային ղարաբաղի հարցը կարող է լուծվել, ըստ էության, միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ «Ընդ որում, այսպիսի ձևակերպում ներմուծելու փորձ առաջին անգամ չի եղել. ԵԱՀԿ 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովում այդպիսի բովանդակություն ներմուծելու փորձ է արվել, բայց Հայաստանն այն ժամանակ վետո է դրել. ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով»,- հավաստեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով. «Իսկ 1999թ. նոյեմբերի 30-ին՝ Հոկտեմբերի 27-ից հետո, Հայաստանը կողմ է քվեարկել այդ ձևակերպմանը»։

Նրա բնորոշմամբ՝ ըստ էության, Ադրբեջանը շատ կարճ ժամանակահատվածում՝ 1998-99թթ., ստացել է այն բանակցային բովանդակությունը, որն իրեն անհրաժեշտ էր հետագայում իր բանակցային տրամաբանությունը զարգացնելու համար։

Հաջորդ կարևոր հանգրվանն, Փաշինյանի խոսքով, այսպես կոչված Մադիրիդյան սկզբունքների ընդգրկումն է. հայկական կողմը չէր ժխտում, որ մասնակցել է այդ սկզբունքների ձևակերպմանը։ «Բայց ամենակարևոր արձանագրումն է տեղի ունեցել 2007-ից հետո. Մադրիդյան սկզբունքներն են բանակցային հենք՝ արձանագրվել է հետևյալը, որ ԼՂ հարցի բանակցային գործընթացի համար 1 նպատակը յոթ շրջանների վերադարձն է։ Մադրիդյան սկզբունքներում եղել է «Արցախի միջանկյալ կարգավիճակ» տերմինը, և մինչև 2016 թվականը բանակցային գործընթացում ներկա է եղել այդ տերմինաբանությունը։ Եվ 2016-ի հունվարին միջնորդների կողմից ՀՀ-ին ներկայացվել է ըստ էության դիրքորոշում, որ ՀՀ-ն պետք է հրաժարվի Արցախի միջանկյալ կարգավիճակի տրամաբանությունից։ Հայկական կողմը հրաժարվել է, և տեղի է ունեցել 2016-ի ապրիլյան պատերազմը, որից հետո արդեն առաջին անգամ 2016-ի ամռանը համանախագահողները ներկայացրել են բանակցային փաստաթուղթ, որտեղ Արցախի միջանկյալ կարգավիճակն արդեն դուրս է մնացած»,- ընդգծեց Փաշինյանը։։

Նրա խոսքով՝ Քելբաջարի և Լաչինի վերադարձը որոշակի փոխկապակցվածության մեջ է եղել ԼՂ կարգավիճակի ճշգրտման հետ։ 2018-ի հունվարի դրությամբ՝ արձանագրվել է, որ մինչև ԼՂ կարգավիճակի ճշգրտումը, այսինքն՝ հենց 2018-ին Քելբաջարը և Լաչինը հայկական կողմը պետք է հանձնի։ Որից հետո Ադրբեջանը կրկին վերադարձել է 2016-ի իր դիրքորոշմանը և արձանագրել, որ հրաժարվում է բանակցություններ վարել ԼՂ միջանկյալ կարգավիճակի տրամաբանության մեջ։

Փաշինյանի հավաստմամբ՝ ըստ էության, պատերազմից խուսափելու մեթոդաբանությունը՝ սկսած 1997-98-ից եղել է հետևյալը. ինչ-որ բան բանակցությունների սեղանի շուրջ զիջել, որպեսզի պատերազնը տեղի չունենա։ «Ամբողջ խնդիրն այն է, որ 2018թ. մայիսի դրությամբ՝ այն ամենը, ինչը հնարավոր էր զիջել, արդեն իսկ զիջված էր։

Ըստ էության, մենք բանակցային գործընթացը ժառանգել ենք մի փուլում, որտեղ այն ամենը, ինչը հնարավոր էր զիջել, արդեն իսկ զիջված էր։ Ես պատասխանատու ասում եմ, որ եթե այն փաթեթը, որը գոյություն ուներ 2018-ին, ստորագրվեր, դա նշանակում էր, որ Հայաստանը համաձայնվում է Ղարաբաղը խաղաղ ճանապարհով թողնել Ադրբեջանի կազմում»,- շեշտեց նա։