Այսպիսի բեւեռացված հասարակություն, այսպիսի անորոշություն սպասելիքների մեջ չեմ հիշում։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Մեղրիում հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ վերջին 2 շաբաթում դաշինքի ներկայացուցիչները շատ հանդիպումներ են ունեցել բնակիչների հետ. «Գլխավոր հարցը, որ տալիս են՝ ի՞նչ է լինելու, ո՞ւր ենք գնո՞ւմ»,- նշել է Քոչարյանը։
Նա խոսեց նաև բնակչության հսկայական արտահոսքի մասին՝ նշելով, որ այն պետք է կանգնեցնել. «Սա փախուստ է երկրից։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ոչ միայն կանգնեցնենք իրավիճակը, այլեւ հետ բերենք։ Նման փորձ կա։ Իմ նախագահության վերջին 3 տարիները միակ շրջանն էին անկախության ձեռքբերումից հետո՝ կար միգրացիայի դրական սալդո։ Գործազրկությունը շատ ցածր մակարդակի էր ու այլ որակի։ 10 տարվա ընթացքում գրանցվել էր տնտեսության երկնիշ աճ։ 5 տարվա ընթացքում՝ ամեն տարի 30-40 հազար աշխատատեղ։ Մենք կարող ենք սա կրկնել։ Բայց դրա համար ձեր վստահության եւ ձեր ձայների կարիքն ունենք»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա կարծիքով այս ամենը կարիերայի հարց չէ, այլ պատասխանատվության խոր զգացում. «Եթե չմտնեի այս պայքարի մեջ, ես ինձ դասալիք կհամարեի։ Անգամ չեմ ուզում խոսել այս իշխանությունների մասին։ Մարդիկ չհասկացան, որ երկիր են ղեկավարում։ Նրանց թվում է, թե դա սամոկատ է։ Չեմ ասում հեծանիվ, այնտեղ արվեստ է պետք։ Պրիմիտիվիզմը մեզ հասցրեց այս վիճակին»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը: