ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է' այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին:
Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ:
Ուստի, մարդու իրավունքների պաշտպանը բոլորից պահանջում է ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը:
Պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար»: