Երեկ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որն ակնհայտորեն նման է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի նախընտրական քարոզչական հոլովակին։ Ըստ տարածված լուրերի՝ ԼՀԿ-ն գաղափարը գողացել է Կանադայի վարչապետից և Մարուքյանը կրկնօրինակում է Ջասթին Թրյուդոյին, որն իր հոլովակում փորձում է բարձրանալ շարժասանդուղքով:

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը, մեկնաբանելով հոլովակների նմանությունը, նկատեց, թե իրենք շեշտը դրել են բովանդակության, ոչ թե ձևի վրա․ «Հոլովակում հստակ ասելիք կա, որն ասում է պարոն Մարուքյանը, այսինքն շեշտը դրված է բովանդակության վրա և քաղաքական գործիչն իր խոսքն ասում է  մարդկանց լսելի ձևով»,- նշեց նա։ 
 
Հարցին՝ նմանեցնո՞ւմ է հոլովակները իրար, Պետունցը պատասխանեց․ «Նման բաները ինչպես կարելի է չնմանեցնել։ Բազմաթիվ ատրիբուտներ նման են»,- ասաց Պետունցը՝ դժվարանալով ասել, թե մեղավորությունն ումն է․ «Կազմակերպչական պրոցեսների մեջ այդպես է ստացվել, ովքեր որ նկարել են»,- ասաց նա։
 
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է նմանության պատճառով հոլովակը փոխվի․ «Ժամանակ առ ժամանակ նորացվելու են հոլովակները, կարող է որոշակի պահից օգտագործվեն այլ հոլովակներ»,- եզղրափակեց Արեն Պետունցը։