Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացների ֆոնին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ վարքագիծ է դրսևորում, որը ոչ այլ ինչ է, քան միաժամանակ երկու աթոռին նստելու ցանկություն: Նախ՝ «խորամանկ» դիմումը ՀԱՊԿ-ին և ՀԱՊԿ-ի նույնպիսի «արձագանքը» կամ դրա բացակայությունը, զուգահեռաբար ՌԴ առաջարկը՝ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա, եռակողմ հանձնաժողովի աշխատանքի դադարեցում ու Փաշինյանի ներկայացրած կարգավորման պլանը՝ ուղղված ՌԴ-ին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին այն դեպքում, երբ, ըստ էության, ՀՀ իշխանությունները, ինչպես նաև միջնորդները, դեմ չեն այս փուլում սահմանազատման գործընթացին, որն առաջարկել է անցկացնել Ռուսաստանը։ Եվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նման առաջարկ հղվում ԵԱՀԿ ՄԽ բոլոր երկրներին, երբ առաջարկը հնչել է Ռուսաստանից, որը պատերազմից հետո տարածաշրջանում խաղում է միայնակ, որի հետ, ինչպես երևում էր, Փաշինյանը խնդիր չուներ մի քանի ամիս առաջ, երբ ստորագրում էր եռակողմ խայտառակ հայտարարություն՝ առանց ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների, որոնք ակնհայտորեն չկարողացան որևէ դերակատարություն ունենալ պատերազմի ընթացքում, և ներկայումս, կարծես, առիթ է ստեղծվում, որպեսզի ինչ-որ ձևաչափով վերականգնվի հակամարտության գոտում արևմտյան «ներկայությունը»։

Փորձելով տարածաշրջան վերադարձնել ԱՄՆ-ին' Փաշինյանը հույս ունի աջակցություն ստանալ Արևմուտքից ընտրություններում, իր անձը կապելով հետընտրական փուլում հակամարտության գոտում արևմտյան «ներկայության» հետ։ Այսինքն՝ ընտրություններում ևս նկատելի է լինելու ՌԴ-Արևմուտք գլոբալ խաղը։ Գաղտնիք չէ, որ ՌԴ քաղաքական շրջանակները վաղուց չեն վստահում Փաշինյանին՝ որպես դաշնակից երկրի ղեկավար, ով առիթը բաց չի թողնում գեղեցիկ խոսքեր Ռուսաստանին ձոնելու համար՝ զուգահեռաբար «հարվածներ» հասցնելով Ռուսաստանին, հավելյալ լարելով և խնդիրներ ստեղծելով հայ-ռուսական հարաբերություններում։ Դիցուք՝ արևմտյան գրանտերով սնվող ՀԿ-ները Հայաստանում արդեն իսկ աննախադեպ ակտիվություն են դրսևորում. Փաշինյանի՝ «Իսկանդերի» մասին արված հայտարարությունից հետո սորոսական ՀԿ-ների ներկայացուցիչները օրակարգ են բերել այն թեզը, որ պատերազմում պարտության պատճառը ռուսական զենքն էր, որից պետք է հրաժարվել: Ակնհայտ է, որ փորձ է արվում դիսկրեդիտացիայի ենթարկել ռուսական ռազմաարդյունաբերությունը և դրա փոխարեն գնել արևմտյանը, մի բան, ինչը առաջարկում էր երկու տարի առաջ նույն Ջոն Բոլթոնը: Այս թելը թելում են նաև Փաշինյանի թիմակիցները, մասնավորապես' Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ովքեր բացեիբաց հայտարարում են, որ պետք է վերանայել ռուսական զենքի գնման պրակտիկան և կասկածի տակ են դնում այդ զենքի արդյունավետությունը:

Փաշինյանը Կոմերսանտին տված հարցազրույցում հայտարարում է, որ ՌԴ-ն Հայաստանի միակ ռազմավարական դաշնակիցն է, ըստ էության, պատրաստակամություն հայտնելով ընդունել ռուսական կողմի խաղի կանոնները, սակայն մյուս կողմից էլ՝ Նիկոլ Փաշինյանը իր ռեսուրսներով աջակցում է արևմտամետ ուժերին՝ Շիրինյան-Բաբաջանյան դաշինք, Հանրապետություն կուսակցություն, որոնք պայքարում են ԱԺ-ում հայտնվելու համար: Վերջիններս, օրինակ, հաճախ են հայտնվում պետական բյուջեից ֆինանսավորվող Հ1-ի եթերում: Փաշինյանի մարտավարությունը հասկանալի է. նախ այդ ուժերի հետ ՔՊ-ն կոալիցիա կազմելու հնարավորություն կունենա, դա առավել կարևոր է դառնում Փաշինյանի գահավիժող վարկանիշի ֆոնին, մյուս կողմից էլ Փաշինյանը այսպիսով սիրաշահում է Արևմուտքին' հասկացնելով, որ անում է հնարավորը որպեսզի ամբողջ Ազգային ժողովը կազմված չլինի Հայաստանի համար Ռուսաստանի ռազմավարական կարևորությունը ընդունող ուժերից:

Փաշինյանը փորձում է իրագործել այն ասիմետրիկ կոմպլիմենտար արտաքին քաղաքականությունը, որի դոկտրինալ հիմքը դրվել էր դեռևս Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում, սակայն Փաշինյանի փորձը մինչ օրս միայն փորձանքի է հանգեցնում: Այո, արտաքին քաղաքականության մեջ լուրջ ռևերսներ չեղան հեղափոխությունից հետո, և այս հարցում Փաշինյանը չի ստում, սակայն փոխարենը եղան ռևերանսներ, երբ պաշտոնական Երևանը փորձում էր նստել միանգամից երկու աթոռի վրա, արդյունքում՝ մենք թե′ Արևմուտքի, թե′ Ռուսաստանի համար այլևս վստահելի գործընկեր լինել չենք կարող: