«Պահեստազորի սպաների» միությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.

«Բոլորս հայտնի է, որ այս իշխանությունները վաղուց կորցրել են իրականության զգացումը և գործում են բորենիների ոհմակին բնորոշ բնազդով։

Գիտակցելով իրենց անդառնալի վախճանը, իրենց ստահակ կամակատարների միջոցով դիմում են տարբեր ստոր գործողությունների։

Մայիսի 30-ին մեքենան կայանելու ժամանակ դաժան ծեծի է ենթարկվել «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» հասարակական կազմակերպության խորհրդի անդամներից մեկի որդին։

Տուժողը՝ որը հանդիսանում է զինվորական ոստիկանության մայոր, բազմաթիվ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքից անցել է արդեն ավելի քան 19 օր, սակայն մինչև օրս որևէ գործողություն չի կատարվել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, այն դեպքում երբ կա տեսաձայնագրություն և ֆիքսված է ստահակների ավտոմեքենայի պետհամարանիշը։

Հարուցվել է քրեական գործ, սակայն ոստիկանությունն ու նախաքննության մարմինները մատը մատին չեն տալիս հաշվի չառնելով, որ տուժողը ոստիկանության ավագ սպա է, իրենց ծառայակիցն է և հանցագործներին բացահայտելը պետք է, որ լիներ իրենց պատվի և արժանապատվության հարցը։

Ուշքի եկեք, պարոնայք ոստիկաններ, չէ՞ որ դուք լավ գիտեք՝ անգործությունը ևս հանցագործություն է։

Իշխանությունների խղճուկ և մանրախնդիր լինելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանից կապ են հաստատել «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» հասարակական կազմակերպության հիմնադիրներից մեկի կնոջ հետ, որն աշխատում է քաղաքապետարանի ենթակայության տակ գործող պետական կառույցում և պահանջել, որ իր անձնական էջում լայքելու միջոցով որևէ կերպ չարձագանքել ԱԱԾ պահեստազորի սպաների հրապարակումներին։

Իշխանությունները և նրանց կամակատարները դեռ չեն հասկացել կամ չեն ուզում հասկանալ, որ սա նրանց վերջն է, բացառվում է վերարտադրվելու որևէ հնարավորություն, կանգ առեք քանի դեռ ուշ չէ»: