ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում իր ելույթներից մեկում հայտարարեց, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է՝ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն իր առաջարկը, ըստ որի՝ ինքը պատրաստ է որդուն՝ Աշոտ Փաշինյանին, պատանդի կարգավիճակով ուղարկել Բաքու՝ հայ բոլոր գերիների վերադարձի պայմանով: Պարզելու համար արդյոք փաստաթղթերը պատրաստվել և ուղարկվե՞լ են Ադրբեջան, թե՞ ոչ և, առհասարակ, ինչպե՞ս է փաստաթղթավորվելու գործընթացը և դրվելու՝ Աշոտ Փաշինյանին հայ գերիների դիմաց փոխանակելու հարցը՝ ԼՈՒՐԵՐ․com-ը հարցում էր ուղարկել կառավարութուն, ինչին ի պատասխան կառավարությունից հայտնել են, որ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում սպառիչ պատասխան է տվել։ Հավանաբար նկատի ունեն այն, որ դիմել են պատկան մարմիններին, սակայն դեռևս որևէ գործընթաց չի սկսվել։
Հետաքրքիր է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի հաղթնակից հետո էլ Փաշինյանը կշարունակի՞ պնդել իր առաջարկը և պատրաստ կլինի՞ փոխանակման, թե ոչ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը՝ հունիսի 9-ին, քարոզարշավի շրջանակում գտնվելով Շիրակի մարզում, հայտարարել էր․ «Երեկ ես հայտարարություն եմ արել, այսօր էլ մեր համապատասխան մարմիններին հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն մեր առաջարկը՝ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով: Հանկարծ չմտածեք, որ սա միակ գործիքակազմն է և հուսահատ քայլ է՝ մեր գերիների հարցը լուծելու համար։ Ուզում եմ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է տարվում, ես չեմ ուզում այդ աշխատանքը գնահատել, որովհետև այս թեմայով մի բան ավել ասելը կարող է ոչ անհրաժեշտ զարգացումներ առաջ բերել»,- նշել էր Փաշինյանը:
Սոնա Հարությունյան