«Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը՝ հավելելով, որ դաշինքը մանրամասներ կհայտնի այն ժամանակ, երբ պատարստ կլինեն իրավաբանական ձևակերպումները:

Վերջինս նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բազմաթիվ էին, որոնց մասով էլ հենց կդիմեն ՍԴ. «Արձանագրված բոլոր խախտումները, որոնք վերաբերում են ազատ, արդար ընտրություններ անցկացնելուն, խոչընդոտելուն, կներկայացվեն, այդ թվում՝ վարչական ռեսուրսի կիրառումը, շրջիկ խմբերի կիրառումը, ատելության խոսքը, Հանրային ՀԸ եթերաժամանակի ոչ հավասար տրամադրումը»,- նշեց Սոս Հակոբյանը։

«Պատիվ ունեմ» դաշինքի մամուլի խոսնակն ընդգծեց, որ եթե կարծեին՝ ՍԴ դիմելուց հետո որևէ արմատական փոփոխություն չէր լինի, ապա չէին դիմի. «Եթե մենք պատրաստվում ենք դիմել ՍԴ, ուրեմն կարծում ենք, որ ցանկացած օրենքով սահմանված մեխանիզմների միջոցով ընտրությունների ոչ թափանցիկ անցկացվելու դեմ պայքարը արդարացված է: Պետք է օգտագործել բոլոր հասանելի միջոցները Հայաստանում իրավական պետությունը պաշտպանելու և վերականգնելու համար»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ 2021թ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները մի շարք քաղաքական ուժերի կողմից կասկածի տակ են դրվում։ Ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում հայտնի դարձավ, որ երեք քաղաքական ուժ՝ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը ԿԸՀ դիմումներ են ներկայացրել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոնք, սակայն մերժվել են։