«Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի պետք է լինի, որքան էլեկտրական հոսանքն է տարածված և հասանելի»,- այս խոսքերի հեղինակը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է։ Խոստումը տվել է 2018թ․ մայիսի 8-ին Ազգային ժողովում, երբ փորձում էր համոզել, որ ինքը կլինի լավագույն վարչապետը բոլոր առումներով։

2019-ին և նախորդ տարի ոռոգման ջուր չեղավ, Փաշինյանի կառավարությունը ոռոգման սեզոնի ավարտին միայն թույլ տվեց Սևանից ջրառ անել, և գյուղատնտեսությունը մոտ երկնիշ անկում գրանցեց, ինչը բացառիկ էր։ Այս տարի արդեն ակնհայտ խնդիրներ են ի հայտ եկել կապված ոռոգման ջրի հետ, սակայն, կառավարությունը միայն ընդունում է խնդիրների առկայության փաստը և որևէ լուծում չի առաջարկում:

Փաշինյանը, ըստ էության, խաբել է գյուղացիներին և շարունակում է դա անել նաև այսօր: Հեղափոխության օրերին նա խոստանում էր ջրել գյուղացիների վարկերը, դառնալով վարչապետ' նա հայտարարեց, որ նման քայլի գնալը նպատակահարմար չէ: Նա խոստանում էր անձամբ գնալ ՋԸՕ պետերի տները և ձեռքներից բռնած դուրս շպրտել, եթե վերջիններս օրենք խախտեն: Չնայած գյուղացիների շարունակվող բողոքների' քանի՞ ՋԸՕ պետի ձեռք բռնեց այս իշխանությունը: Փաշինյանը խոստանում էր, որ գյուղացին բերքը իրացնելու հետ որևէ խնդիր չի ունենալու, այնուհետև ի հայտ եկավ կոնֆլիկտը մթերող ընկերությունների, նույն Սպայկայի հետ, ինչի արդյունքում տուժեց միայն ու միայն գյուղացին: Փոխարենը' Փաշինյանը իրագործեց սպանդանոցների կառուցման ծրագիրը, ինչը, ի դեպ, չէր խոստացել և ինչին, ի դեպ, գյուղացիները դեմ էին:

Ահա այսպես է Նիկոլ Փաշինյանը և իր թիմը զարգացնում գյուղատնտեսությունը: Դե ինչ, գուցե իսկապես գյուղացիների խնդիրները կառավարության վարած քաղաքականության և սուտ խոստումների հետևանք չեն, այլ նրանում են որ վերջիններս թանկարժեք խանութ-սրահներից գնված հագուստով չեն քաղհան անում' ինչպես խորհուրդ էր տալիս վարչապետը, կամ էլ օրինակ IT ոլորտով զբաղվելու և նախարար Քերոբյանին լսելու փոխարեն շարունակում են գյուղատնտեսությամբ զբաղվել...