ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացրել են Կառավարությունն ու մեկ պատգամավորը. «Օրենքում ընդլայնվել է քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը՝ ներառելով նաև տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներին»,- տեղեկացրեց Երիցյանը:

Արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաև «ԿԲ-ի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը. «Այս օրենսդրական նախաձեռնությունը որևէ կերպ չի փոխում կամ վատացնում բանկային գաղտնիքի նորմերը: Դրանք մնալու են այն տիրույթում, որում այսօր գոյություն ունեն: Այս օրենքը երկու խնդիր է լուծում՝ նվազեցնում է հաշվետու մարմինների՝ ֆինանսական կազմակերպությունների, նոտարների, բանկերի օպերացիոնալ ծախսերը: Երկրորդ՝ այս կենտրոնացված ռեեստրը ստեղծվում է հետագայում մեր քաղաքացիներին նորարարական լուծումներ առաջարկելու առումով»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը՝ հավելելով, որ օրենքով բանկային հաշվի շարժի վերաբերյալ տեղեկություն տրամադրել չի նախատեսվում: