ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը կայանալիք հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, բայց չի նախատեսվում փաստաթղթեր ստորագրել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել են հայկական լրատվամիջոցների այն հրապարակումների վրա, որ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները կարող են դիտարկել ՀՀ սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակները և ստորագրել համապատասխան փաստաթուղթ:
«Այդ հաղորդագրությունը ճիշտ չէ», - ասել է Պեսկովը։ «Իհարկե, կքննարկվի Լեռնային Ղարաբաղը, կքննարկվեն այնտեղ տեղակայված ռուս զինվորականներին և, ընդհանրապես, երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»,-շեշտել է Պեսկովը: