Մինչ հասարկությունը քննարկում է պարեկան ծառայության վրա ծախսված միլիարդների նպատակահարմարությունը մի դեպքում, երբ երկիրը գտնվում է բավականին ծանր տնտեսական վիճակում, դիտարկենք, թե ում են վճարվել այդ միլիոնները և ում հետ է ոստիկանությունը գնման պայմանագրեր կնքել:

Ոստիկանությունը նոր ձեւավորվող պարեկային ծառայության համար 150 նոր ավտոմեքենա է ձեռք բերվել։ Մեքենաները «Skoda Octavia» մակնիշի են եւ գնվել են «Չեխ ավտո» ՍՊԸ-ից, որը պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին։ Տենդերին մասնակցել է երկու ընկերություն՝ «Չեխ ավտո» ՍՊԸ-ն եւ «Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերությունը։ Ի դեպ, այստեղ բավական հետաքրքիր զարգացումներ են ծավալվել: Այսինքն՝ հայտարարվում է մրցույթ անհնարին պայմաններով, մասնակցության հայտ են ներկայացնում մի քանի ընկերություններ, որոնցից երկուսը հիմնավորում են հայտարարված պայմաններին չբավարարելու իրենց փաստարկները, ապա հրաժարվում այդ պայմաններով մասնակցել մրցույթին, ինչից հետո փոխում են մրցույթի պայմանները, որ մասնակից միակ ընկերությունը հաղթի:

«GLOCK INTERNATIONAL FZE» ընկերությունը կմատակարարի «GLOCK 19 Gen5» տեսակի 800 ատրճանակ, յուրաքանչյուրը՝ մոտ 225 հազար դրամով։ Պարեկային ծառայության անձնական եւ ավտոմեքենաների տեխնիկական հագեցվածության ու ռադիոկապի համակարգերի, ինչպես նաեւ պարեկի հանդերձանքի ու սպառազինային միջոցների (բացառությամբ` զենքի) ձեռքբերման ֆինանսավորողն ԱՄՆ-ն է:

 Շևրոնների վրայի գրառման պատասխանատու դիզայներական ընկերությունը կապվում է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանի հետ. մեզ հասած տեղեկություններով՝ վերջինիս ընկերոջ ընկերությունն է զբաղվել նոր պարեկային ծառայության ոստիկանների համազգեստի շևրոնների դիզայնով:

2020 թվականի ընթացքում իրականացվել է շենք-շինությունների սեյսմիկ վիճակի հետազոտության վերաբերյալ գնման գործընթաց: «Սեյսմանախագիծ» ՍՊ ընկերության հետ կնքվել է ՀՀ Ո ԳՀԾՁԲ-ՍԵՅՍՄԻԿ-2020/ՈՍ-2 ծածկագրով պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր՝ 1.100.000 ՀՀ դրամ նախահաշվային արժեքով, ծառայությունն ամբողջությամբ մատուցվել է:
 
Նախորդ տարի ոստիկանությունը հանդերձանք՝ կոստյում, բաճկոն, տաբատ և կեպի էր գնել «Մանանկ» ՍՊԸ-ից՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանի կնոջ՝ Վիկտորյա Մելիք-Սարգսյանի ընկերությունից: Վիկտորիա Մելիք-Սարգսյանն էլ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դուստրն է։