«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնը հուլիսի 6-ին հյուրընկալել էր «Ապագա Հայաստան» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանին և «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանին:

«Մեծ պատմություն փոքր քաղաքում» խորագիրը կրող միջոցառման շրջանակում հրավիրվածների քննարկման հիմնական թեմաներն էին կրթությունը, տեխնոլոգիական առաջընթացն ու միջազգային ընկերությունների համագործակցության սերտացումը երիտասարդ գիտնականների հետ, որն էլ պետության զարգացումն առաջ մղող ուժերից մեկն է:

Ապագա Հայաստանի առաջնահերթություններից մեկը կրթությունն է՝ որպես աշխարհի հայության բարձրագույն սոցիալական արժեք: Գիտության, տեխնոլոգիաների և ստեղծագործ մտքի գերակայությունը որպես հիմնասյուն որդեգրած շարժման համար առաջնային հարցն է առողջապահության, շրջակա միջավայրի և գիտելիքահեն տնտեսության ոլորտներում նորարարությունն ու զարգացումը խթանելը:

Գիտությունը զարգացնելու և պահպանելու համար նախ հարկավոր է բարձրագույն կրթություն։ Այս կարծիքին է FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, ով կյանքի յուրաքանչյուր ասպարեզում տեսնում է գիտության դերը և կարծում է, որ պետության զարգացման համար նախ հարկավոր է զարգացած գիտություն։

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի» գիտահետազոտական կենտրոնում ներկայումս աշխատում է 19 հայ գիտնական, ովքեր շվեյցարական կենտրոնի հետ համատեղ աշխատում են տվյալագիտության, տեխնոլոգիաների, նյութաբանության ուղղություններով:

Թիմի գիտնականները համագործակցում են հայաստանյան ինստիտուտների և հետազոտական կենտրոնների 120 գիտնականների հետ։

Գիտահետազոտական կենտրոնը որդեգրել է Հայաստանում գիտական և տեխնոլոգիական էկոհամակարգը մարդկային կապիտալի վրա հիմնվելով' զարգացնելու մոտեցումը, և հենց այս նպատակով էլ բազմաթիվ ուսանողներ ստանում են մագիստրոսական կրթաթոշակներ և, ընդհանուր առմամբ, կատարվել է շուրջ 8 միլիոն դոլարի ներդրում։