Քաշաթաղից տեղահանվածներն այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության շենքի դիմաց պահանջում էին լուծել իրենց բնակարանային խնդիրը։ Նախկինում վերաբնակեցվածներն այսօր տեղահանված են։

Քաշաթաղցիները նշում են՝ 9 ամիս է անորոշության մեջ են ապրում, իսկ կառավարությունը հստակ որոշում չի հայտնում։ Բանկերից էլ ծանուցագրեր են ստանում ՝ ներկայանալու դատարան։

«Մենք հիմա, տարիքից ելնելով, էլ չենք կարող գնալ նորից բնակեցնել մեր սահմանային հատվածները՝ 25 տարի բնակեցրինք, դպրոց բացեցինք, Միրիկ համայնքը կայացրեցինք։ Պարբերաբար զանգեր են գալիս բանկից՝ «ինչո՞ւ չեք վճարում»։ Պատասխանել եմ, որ ոչ հասցե ունենք, ոչ տուն ունենք, ոչ աշխատանք։ Փաստացի տարբեր տեղեր եմ ապրում, հիմա ծանուցագիր եմ ստացել, որ ներկայանամ դատարան։ Արցախբանկին ոչինչ չի հետաքրքրում, ամեն անգամ մեզ ասում են՝ տույժերը մարեք, մեզ հետաքրքիր չի՝ որտեղ եք ապրում։ Ներկայանամ դատարան՝ ի՞նչ պիտի մեզնից վերցնեք, վերցրեք։ Վերջապես թող կարգավորումներ անեն»։

Բողոքի ակցիա կատարողներից մեկը 650 հազար դրամի չափով վարկ ունի, որը վերցրել էր բնակարանը վերանորոգելու համար։ Աշխատանքներից մեկ շաբաթ հետո պատերազմը սկսվել է։ Հիմա մտածում են՝ իրենց ձայնը չեն ուզում լսել։

Մեկ այլ բողոքի ակցիա իրականացնող էլ նշեց, որ Արծրուն Հովհաննիսյանն ասում էր, թե հաղթելու ենք, հաղթելու ենք։ Հիմա պարտվել ենք, Արծրուն Հովհաննիսյան արի մեզ պատասխան տուր, որ չենք հաղթել. «Այսօր 68 հազար դրամ գումար են տալիս, չգիտես՝ դրանով գդալ, ափսե, աթոռ առնես, թե վարձը տաս։ Ի՞նչ առնես դրանով, որ ապրես։ Հունվարից մինչև հիմա հյուրընկալության գումարը չի լինում։ Մենք գնացել ենք Քաշաթաղ, 10 տարի իմ երեխաները մանկություն չեն տեսել, չարչարվել ենք, բնակարանը մենք ենք կառուցել։ Մեզ թող ասեին, որ պատերազմ է լինելու, չենք հաղթելու, ոչ մի բան մի արեք։ Մեր գումարը կհավաքեինք, այսօր այստեղ տուն կգնեինք»,-ասաց Քաշաթաղից տեղահանված բնակչուհին։