Այստեղ հակասություն չտեսնել պարզապես հնարավոր չէ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հակասություն չի տեսնում Ադրբեջանի ղեկավարության՝ մի կողմից խաղաղություն հաստատելու, մյուս կոզղմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու եւ սահմանին սադրանքներ կազմակերպելու միջեւ:

«Մենք հստակ դիրքորոշում ունենք սահմաններին ստեղծված իրադրության վերաբերյալ: Ես ԱԽ նիստում առաջարկ եմ արել. խոսքը վերաբերում է զորքերի հայելային դուրս բերմանը, վերադարձին մշտական տեղակայման վայրեր, ապա նաեւ հիմա բանակցում ենք սահմանագծի երկայնքով ռուս սահմանապահների եւ կամ միջազգային դիտորդների տեղակայման շուջ, եւ միջազգային հովանու ներքո սահմանների սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ իրականացնելուն:

Ադրբեջանի ամբողջ քաղաքականության իմաստն այն է, որ ինքն անընդհատ ուզում է կեղծ տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղ բանակցություններին, դեմ է խաղաղությանը, դեմ է սահմանազատմանը, բայց իրականությունը բոլորովին այլ է: Մենք պատրաստակամությունն ենք հայտնում գործել ըստ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության: Սահմանային իրադրության վերաբերյալ նույնպես կարող ենք ասել, որ միջազգային հանրության եւ մեր պատկերացումները լիովին համընկնում են, որովհետեւ մայիսի 12-ից հետո հայտարարություններով եւ գնահատականներով հանդես են եկել մի շարք երկրներ եւ նաեւ Եվրախորհրդարանն է բանաձեւ ընդունել այդ առնչությամբ, եւ ձեւակերպված մոտեցումներն ընդհանուր առմամբ համահունչ են մեր պատկերացումներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ երբ ուսումնասիրում ենք Ադրբեջանի քաղաքականությունը, տեսնում ենք, որ նա տարածքային նկրտումներ ունի իր հարեւանների մեծամասնության նկատմամբ. «Այստեղ հարցը միայն Հայաստանի մասին չէ: Նրանք խոսում են Արեւմտյան Ադրբեջանի մասին, ունեն Հարավային Ադրբեջան, Հյուսիս-արեւմտյան Ադրբեջան եւ այսպես շարունակ: Ադրբեջանների ցանկը շատ լայն է, եւ ես կարծում եմ, որ սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլեւ ընդհանրապես տարածաշրջանի անվտանգությանը:Այստեղ միայն քաղաքական հռետորաբանության հարց չէ: Երբ մենք ուսումնասիրում ենք, թե ինչ են դասավանդում Ադրբեջանի դպրոցներում, տեսնում ենք հարեւանների նկատմամբ այդ ագրեսիվ քաղաքականությունը: Էլ չեմ ասում վերջերս բացված այսպես կոչված խայտառակ ավարների պուրակը, որտեղ երեխաներին տանում են էքսկուրսիայի: Դա իհարկե, հարեւանների ատելության շարքում Հայաստանն ու հայությանը դնում է առաջին տեղում: Ես սա բարձրաձայնում եմ՝ ընդգծելու համար տարածաշրջանում տեւական կայունություն, խաղաղություն հաստատելուն ուղղված մեր պատրաստակամությունը:

Մենք պատրաստ ենք համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության համաձայն բանակցություններ սկսել կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա: Ուրախ եմ, որ պարոն Միշելն այսօր խոսեց ԼՂ կարգավիճակի ճշգրտման եւ որոշման կարեւորության մասին, որովհետեւ հենց դա է հակամարտության կարգավորման անկյունաքարը:

Մենք պատրաստակամ ենք սկսել աշխատանքը սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ուղղությամբ՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա խոսեց նաեւ գերիների խնդրից՝ նշելով. «Գերիների առկայությունը, այն պայմաններում, երբ Ադրբեջանն ունի գրավոր պարտավորություն վերադարձնել բոլորին, իհարկե, էականորեն խաթարում է համագործակցային մթնոլորտը տարածաշրջանում եւ սա կարեւոր օրակարգ է, որի շուրջ մենք ջանքերը պետք է մեկտեղենք»: