Այսօր՝ հուլիսի 23-ին, դերսանները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց․ նրանք դեմ են թատրոնների միավորմանը։
Կամերային թատրոնի ավելի քան քսան տարվա դերասան Արթուր Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց թատրոնը տարիներ առաջ կրկին փորձել են փակել, բայց նա վստահեցնում է, որ այսօր Կամերայինում դրական շատ փոփոխություններ են եղել․ «Մենք ուզում ենք քայլ անել, առաջ գնալ, բայց գիտակցում ենք, որ հեսա նորից «տալու են մեր գլխին» ու թույլ չտան առաջ գնալ։ Վստահ ենք՝ մեր այս ազնիվ պայքարից հետո թատրոնի շենքը թատրոնինն է լինելու․ եթե սկսել ենք՝ պետք է մինչև վերջ գնանք»,- ասաց դերասանը՝ հավելելով, որ իրենց հետագա քայլերը կախված են իրադարձութունների զարգացումներից։
Նա համոզված է, որ ներկայիս ԿԳՄՍ նախարարը չի տիրապետում թատերական ոլորտին․ «Ճիշտ է, ինքը օգնական ունի, բայց մենք ինչ իմանանք՝ օգնականը ինչ է զեկուցում իրեն, օգնականը ինչ էլ ասի՝ նախարարը ասելու է՝ լա՛վ։ Բայց դրա համար իրենք աշխատավարձ չեն ստանում, չէ՞»,- նշեց Արթուրը։
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն էլ այն կարծիքին է, որ իրենց թատերախումբը փոքր բեմի համար է և չի կարող ներկայանալ Հակոբ Պարոնյանի անվան մեծ բեմում․ ներկայացումը կկորի։ Անդրադառնալով իր նախկին գործընկերոջ՝ Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, այն է՝ Կամերային թատրոնը մեկ տարվա ընթացքում մեկ ներկայացում է պատրաստում միայն, Անահիտը պատասխանեց․ «Ներկայացմանը մեկ տարի պատրաստվելը դեռ չի նշանակում, թե թատրոնը լավը չէ։ Հրաչյան, երբ աշխատում էր մեր թատրոնում, շատ գոհ էր ու ուրախ էր աշխատում, ու հենց ինքն էր ուզում մտնել թատրոն։ Իրեն այն ժամանակ թատրոնի պայմանները շատ դուր էին գալիս, թե հիմա ինչ է փոխվել իր մոտ՝ չեմ կարող ասել»,- նշեց դերասանուհին։
Մանրամասները՝ տեսանյութում։