«Այս պահին Սոթքի տարածքում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, իմ տեղեկություններով կրակոցները հնչել են լուսադեմին՝ մոտավորապես 06:00-ի սահմաններում»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը:
«Սոթքի բնակավայրի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել, կրակոցները հիմնականում հնչել են հանքի տարածքի ուղղությամբ: Կրակահերթերը եղել են ավտոմատից, ծանր հրետանի չի կիրառվել»,- նշեց Մարգարյանը:
Նրա խոսքով`օգոստոսի 27-ին ընդմիջումներով կրակոցներ են հնչել Սոթքի և Կութ գյուղի ուղղությամբ: Կութ գյուղի ծայրամասում գտնվող տներին և տան պարիսպներին գնդակի հարվածներ են դիպչել, սակայն այս գիշեր կրակոցները հնչել են միայն Սոթքի ուղղությամբ:
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 29-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ։
ՊՆ-ն հայտնում է, որ Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարավորություն տալով տարհանել հակառակորդի վիրավորներին։