Օգոստոսի 1-ին Շուշի քաղաքի մերձակայքում, ադրբեջանական սահմանի մոտ ռուս խաղաղապահները կանգնեցրել են Շուշիի նախկին բնակիչ, 32 տարեկան Իզաուրա Բալասանյանին և նրա 4 երեխաներին, որոնք փորձում էին հատել սահմանը: Կինն իր արարքը բացատրել է նրանով, որ ապրելու տեղ չունի և ուզում է վերադառնալ բնակության վայրը՝ Շուշի քաղաք:
Ադրբեջանցի և ռուս սահմանապահները մորն ու երեխաներւն վերադարձրել են Արցախի Հանրապետություն:
Իզաուրա Բալասանյանը Forrights.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: «Այո, գնացել եմ Շուշի, որովհետև տուն չունեմ: Վերցրել եմ մահացած ամուսնուս և մահացած մորս լուսանկարը, երեխեքիս ու բարձրացել եմ Շուշի: Էլ ոչինչ հետս չեմ տարել: Հասել եմ տամոժնի, բայց ռուսները թույլ չտվեցին, որ մտնենք Շուշի: Ռուսները ինձ ասեցին՝ մի մտի, ամոթ ա դա, ձեր ազգին պատիվ չի բերի: Ես Շուշի չմտա: Թուրքի ու ռուսի արանքում կանգնել եմ: Էդ ժամանակ արդեն ռուսները զանգել են իրանց մեծին, իրանց մեծը զանգել ա նախարարություն, որ ձեր ժողովրդից մի կին երեխեքի հետ հանձնվում ա թուրքին: Ու տենց ԱԱԾ-ն եկել է», - պատմեց կինը:
Շուշիի ճանապարհին, սահմանի վրա նա տեսել է ադրբեջանցի ծառայողներին: «Ոչ մի բան նրանք չեն ասել: Նայում էին ինձ, երեխեքիս: Տխուր դեմքով նայում էին մեզ»:
44-օրյա պատերազմից հետո Իզաուրա Բալասանյանը իր 4 երեաների հետ բնակություն էր հաստատել Ստեփանակերտի Դավիթ Բեկ փողոցում գտնվող հանրակացարանային շենքի առաջին հարկի բնակարանում: 100 հազար դրամ էր վճարում այդ տան համար:
Ասում է, որ այնտեղից հեռանալու որոշում է ընդունել, երբ տան տերը որոշել էր բարձրացնել տան վարձը՝ 150 հազար դրամ էր սարքել:
Իզաուրան դիմել է պետական տարբեր մարմինների, խնդրել է, որ իրեն մի կացարան տան երեխաների հետ մնալու համար:
«Ամեն տեղ ասում էին՝ էսօր կգաս, վաղը կգաս»: Արցախի տարածքային կառավարման նախարարին է փորձել տեսնել, բայց կնոջը չեն ընդունել: «Քարտուղարուհին ասեց, որ նախարարը չի ընդունի ինձ, որ իրանց համար մեկ ա, ես որտեղ կապրեմ, որ թողեմ, գնամ: Ես էլ գնացի Շուշի», - իր հուսահատ քայլը բացատրում է Իզաուրան: Նույնը նա պատմել է հատուկ ծառայությունների աշխատակիցներին, որոնք իրեն հետ են բերել Արցախ:
Հարկադիր վերադարձից հետո Իզաուրա Բալասանյանին Ասկերանի շրջանի Խանձք գյուղում, կիսաքանդած, օձերով լի տուն են հատկացրել: Իզաուրան ընտելացել է օձերին: Նույնիսկ ձեռքի մեջ էր պահում արդեն, բայց երեխաների հետ այստեղ մնալ չէր կարող:
Ընկերներից մեկը հանել է Իզաուրային և նրա երեխաներին օձերով տանից ու բերել է Խնածախ գյուղից 2-3 կմ հեռու գտնվող Ջամալու կոչվող տեղանք: «Այստեղ մի քանի տուն կա: Որտեղ մենք մնում ենք, բաղնիք չկա, նորմալ ջուր չի գալիս: Լույս կա, բայց կիպյիտիլնիկ չունեմ, վառարանը վառում եմ, երեխաներին լողացնում: Երեխաները ամեն օր 3 կիլոմետր ոտքով գնում են, որ հասնեն դպրոց: Աղջկաս համար պայուսակ չեմ կարողացել գնել, թանկ ա, առանց պայուսակի ա դպրոց գնում: Տետրակ ներ առել եմ, բայց քիչ ա: Մեկ էլ աղջիկներին բոթասներ, տաք ժակետներ են պետք: Իմ երեխաներն ընդունակ են կրթվելու, սովորելու: Ես նրանց պետք է առաջ տանեմ», - կիսվում է Իզաուրան, հույսով, որ որևէ մեկը կարձագանքի, կօգնի երեխաներին: Փոքրը 4 տարեկան է, մեծը՝ 12:
Իզաուրայի ամուսինը մահացել է 2012 թվականին, սրտի կաթվածից: Երկու տարի առաջ էլ, օգոստոսին թաղել է մորը: Լաց լինելով ասում է, որ երկուսի գերեզմանները հիմա ադրբեջանցիների ձեռքին են, Հադրութի Ուխտաձոր գյուղում:
44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտը սոցիալական աղետի կենտրոն է դարձել: Փախստականները Քաշաթաղից ու Շուշիից, Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի գյուղերից տանիք ու գործ գտնելու հույսով եկել, լցվել են Ստեփանակերտ, բնակեցրել են կիսաքանդ տներն ու նկուղները, անգամ խանութներում են ապրում մարդիկ: Մի «կուխնու չափ» տեղը երազ է դարձել շատերի համար: Տան վարձերը բարձրացել են: Չնորոգված, առանց կոմունալ հարմարությունների փլատակը Ստեփանակերտում արժե 60-70 հազար դրամ: Պետության կողմից տեղահանվածներին տրամադրվող դրամական աջակցությունը հաճախ չի բավարարում տարրական բնակվարձ մուծելու համար: Քաղաքում տոտալ գործազրկություն է: