Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Ասկերանի շրջանի Այգեստան և Նորագյուղ համայնքներ, որոնց վարչական տարածքներում կառուցվում են առանձին բնակավայրեր՝ նախատեսված 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ, Շուշիի շրջանի Քարին տակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքներից տեղահանված բնակիչների համար։

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ բնակավայրերի շինարարությունն իրականացվում է ԱՀ կառավարությանը ՀՀ կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցներով։

Արայիկ Հարությունյանը հետևել է շինարարության մեկնարկին, տվել համապատասխան հանձնարարականներ։ Շուրջ 550 առանձնատուն ունեցող բնակելի թաղամասերն ապահովված կլինեն բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Առաջին բնակարանները պատրաստ կլինեն արդեն 2022 թվականին, իսկ շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին։

Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով տեղահանված բոլոր ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը գտնվում է պետության հատուկ ուշադրության կենտրոնում, և կառավարությունը ջանքեր չի խնայելու առավելագույնս կարճ ժամանակահատվածում այդ հարցին լուծում տալու ուղղությամբ։

ԱՀ նախագահն ընդգծել է, որ ի լրումն բնակարանաշինության ծրագրերի՝ պետությունն աջակցելու է նաև տեղահանված ընտանիքներին տնտեսական գործունեություն ծավալելու և սեփական եկամուտն ապահովելու հարցում։