Այսօր մեկնարկել է ստեղծվելիք Հակակոռուպիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը։ Այս պաշտոնի համար հայտ են ներկայացրել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը, իրավաբաններ Գառնիկ Թորոսյանը, Դավիթ Մկրտումյանը: 5 հոգուց բաղկացած հանձաժողովը կընտրի կոմիտեի նախագահի թեկնածուին կամ թեկնածուներին ու կներկայացնի վարչապետին։ Կոմիտեն կազմակերպելու և իրականացնելու է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը։ Կոմիտեի ձևավորումից հետո չի գործի 2007 թվականին ստեղծված ՀՔԾ-ն։
Ուշագրավը, սակայն, Հակակոռուպցիոն Կոմիտեի նախագահի թեկնածուների հայտարարագրերն են: Դիցուք՝ Սասուն Խաչատրյանի հայտարարագրի մեջ նշված է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2018 թվականին ձեռք բերված բնակարանը, մեկ ոչ բնակելի տարածք էլ նույն թաղամասում Խաչատրյանը գնել է 2019-ին: Ի դեպ, ՀՔԾ պետը հայտարարում է, որ չունի սեփական մեքենա, ինչը մեղմ ասած տարակուսելի է, երբ կարողանում ես գնել բնակարան և ոչ բնակելի տարածք; 2020-ին Խաչատրյանի փոխառությունները կազմել են 5,328,885.00 ՀՀ դրամ: Բանկային հաշիվների մնացորդը՝ 303,350.00 ՀՀ դրամ, կանխիկ դրամը՝ 26,200,000.00 : Աշխատանքի դիմաց վարձատրությունն էլ կազմել է 15,188,617.00 ՀՀ դրամ:
Աժ աշխատակազմի ղեկավարի օգնական Դավիթ Մկրտումյանը հայտարարագրել է 2020 թվականին գնված բնակարան և ավտոկայանատեղի: 2019-ին նա գնել է «BMW» մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 879,477.00 ՀՀ դրամ: Կանխիկ դրամը՝ 317,000.00 ՀՀ դրամ: Աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կազմել է 128,030.00 ՀՀ դրամ: «Արդշինբանկ» ՓԲԸ ստացված փոխառությունը՝ 991,500.00 ՀՀ դրամ, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ից՝ 889,295.00 ՀՀ դրամ, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ից ՝995,101.00 ՀՀ դրամ: