Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից չորեքշաբթի ՝ սեպտեմբերի 15 -ին, երկու իրանցի վարորդների ձերբակալումը համապատասխանում է իրականությանը և Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հետամուտ է լինում վերջիններիս իրավիճակին: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան, ասացին Հայաստանում Իրանիս դեսպանությունից:
«Ինչպես հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդգծում է, որ իր քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Կիրակի, սեպտեմբերի 12 -ից ի վեր ստեղծված իրավիճակի պատճառով ֆինանսական ծախսեր են պարտադրվում իրանցի վարորդներին և դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը:
Տարբեր ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանատու մարմինները այս խնդրին հետամուտ լինելու նպատակով կապ են հաստատել բոլոր կողմերի հետ:
Հարցին հետամուտ լինելու գործընթացը շարունակվում է՝ նպատակ ունենալով կանխել Իրանի և Հայաստանի միջև առևտրի խափանումները, ապահովել Իրանի քաղաքացիների անվտանգությունը և նվազեցնել փոխադրումների խնդիրները, ինչպես նաև այլընտրանքային ուղիների հասանելիությունը Հայաստանի տարածքում:
Հուսով ենք, իրանական և հայկական կողմերի ընթացիկ ջանքերի շնորհիվ այդ նպատակները հնարավորինս արագ կիրականացվեն և ապահովելով երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների դրական ընթացքի շարունակականությունը՝ կկանխվի տնտեսվարողներին և քաղաքացիներին պարտադրվող ծախսերը»,-հայտնել են դեսպանությունից: