ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու, հորդորում է'
Խուսափել տնային պայմաններում պահածոյի պատրաստումից և այդ եղանակով պատրաստված պահածոների օգտագործումից՝ առանց դրանք ջերմային մշակման ենթարկելու,
Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման' պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
Սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով,
Չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
Թունավորմանը բնորոշ առաջին իսկ ախտանիշներն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:
Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Բոտուլոթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:
Հիվանդության ախտանիշերն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է:
Կլինիկական հիմնական ախտանիշերն են սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը և փորկապությունը, գլխապտույտը, տեսողության խանգարումը, երկտեսությունը, կոպի իջեցումը, բբերի լայնացումը, կլման ակտի խանգարումը, ռնգախոսությունը, խոսքի խանգարումը, բերանի չորությունը, սրտի աշխատանքի դանդաղումը, շնչառության խանգարումը, անգամ հավասարակողմ կաթվածը: