Իշխանությունները բավական լուրջ և մարտական են տրամադրված Սյունիքի մարզում սպասվող ՏԻՄ ընտրությունների արդյունքում իշխանությունն այստեղ ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնելու գործում: Երեկ Գորիս էր այցելել Տիգրան Ավինյանը, ով ոչ երկիմաստ խոստումներ էր տալիս տեղի բնակիչներին' նշելով, որ ընտրություններից հետո սուբսիդավորվող ծրագրերի քանակը Գորիսում շեշտակի կաճի: Ի՞նչն է խանգարել ՔՊ-ին մինչ այս ավելացնել նշված սուբսիդավորվող ծրագրերի քանակը, թերևս այն, որ չեն ցանկանցել ֆինանսավորել իրենց ոչ ցանկալի համայնքապետերին: Իսկ այժմ Ավինյանի խոստումը ոչ այլ ինչ է , քան օրինական կաշառք՝ ընտրեք մեզ և ձեր քաղաքում ի վերջո կիրագործվեն այդքան սպասված ծրագրերը: Եթե, իհարկե, իրագործվեն: Սյունիքը արդեն երկու ԱԺ ընտրություն է տեսել, սակայն, այդ ընտրություններից հետո մարզում փոփոխություններն արտահայտվում են միայն այստեղ առկա ադրբեջանցի զինվորների թվաքանակի աճով:
Սյունիքի մարզպետն այս առումով նույնպես հետ չի մնում. այս տարվա մայիս-հունիս ամիսներին մարզպետի որոշմամբ ավելի քան 300 անձ գումար է ստացել բյուջեից՝ 20-100 հազար դրամի չափով: Պողոսյանը, կարծես թե, հիշել է, որ մարզում սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներ են առկա:
Ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանն էլ հայտարարել էր, որ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը Գորիսում բնակիչներին առաջարկում է 1 միլիարդ դրամի աջակցություն: Ինչը նույնպես օրինական ընտրակաշառք է, որին իրավապահները որևէ կերպ, իհարկե, չեն կարող արձագանքել: Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ փաստաթղթերով ամեն բան կարգին է:
Ինչպես հասկանում ենք՝ ՔՊ-ի հույսը Սյունիքում փողն է, այն էլ՝ շատ փողը: Եվ վերջիններս պատրաստվում են այս անգամ էլ պետական բյուջեի հաշվին իշխանությունը մարզում իրենցով անել: