ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ շարունակում է դիտարկել հասարակական տրանսպորտում Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից 168.am-ին փոխանցեցին, որ դիտարկումն իրականացնում են միասին, բայց Առողջապահության տեսչական մարմինն է արձանագրություններ կազմում և հետագա վարչական վարույթ իրականացում:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դիտարկում են ախտահանիչ հեղուկի առկայությունը, Covid-19-ի վերաբերյալ համապատասխան թերթիկների առկայությունը, որոնք պարտադիր պետք է փակցված լինեն տրանսպորտային միջոցում, ինչպես նաև ուղևորների և վարորդների դիմակների կրումն են ստուգում:

«Վերջին օրերին և այսուհետ ավելի է խստացվել հսկողությունը և, եթե, օրինակ, ուղևորը դիմակ չի կրում, նրան տրանսպորտից իջեցնելու են, կազմելու են արձանագրություն և տուգանելու են: Հիմնական խախտումներից է՝ վարորդների կողմից դիմակ չկրելը, ախտահանիչ հեղուկի՝ ոչ պատշաճ որակի լինելը: Տարբեր տիպի հեղուկ լցված է՝ բացի սպիրտային լուծույթից: Եղել են դեպքեր, որ առհասարակ ախտահանիչ հեղուկ չի եղել: Մեծ տրանսպորտային միջոցներում երկու տեղ պետք է ամրացված լինի ախտահանիչ հեղուկը, որոշ դեպքերում մի տեղ է եղել: Եթե շտկվող խախտումներ ենք, ցուցում նք տալիս, որ մինչև կանգառի վերջնակետ հասնելն ուղղեն»,- պարզաբանեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից էլ հայտնում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է ընդհանուր 1639 ստուգայց, որոնց արդյունքում արձանագրվել է 255 խախտում, այդ թվում՝

Երևանի տարածքային կենտրոն՝ 863 ստուգայց, 72 խախտում,
Հարավային տարածքային կենտրոն՝ 113 ստուգայց, 11 խախտում,
Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 160 ստուգաց, 51 խախտում,
Արևմտյան տարածքային կենտրոն՝ 145 ստուգայց, 12 խախտում,
Արևելյան տարածքային կենտրոն՝ 408 ստուգայց, 109 խախտում։

Խախտում թույլ տված տնտեսվարողներին տրվել են նախազգուշացումներ և հանձնարարականներ։