Հոկտեմբերի 17-ին մի շարք համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում, տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ ընթացակարգով է Գյումրիում համայնքի ղեկավար ընտրվելու։ «Համայնքի ղեկավարի ընտրության անցկացումը կարգավորվում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, որի համաձայն ընտրությունները պետք է անցկացվեն ավագանու առաջին նիստի ընթացքում, իսկ վերջինն անընդհատ է անցկացվում և ընդմիջում լինում է բացառապես հանգստի նպատակով։ Նիստը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև ընտրվում է համայնքի ղեկավար»,- նշեց սահմանադրագետը:
Նրա խոսքով՝ եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքներով մասնակցած քաղաքական ուժերից մեկը ստանում է ավագանու ընդհանուր տեղերի 50%-ից ավելին, ապա տվյալ ուժի համամասնական ցուցակի առաջին համարն օրենքի ուժով համարվում է համայնքի ընտրված ղեկավար: Սակայն, քանի որ չկա քաղաքական ուժ, որը ստացել է ավագանու տեղերի ընդհանուր թվի 50%-ից ավելին, հետևաբար համայնքի ղեկավար ընտրվելու է բաց քվեարկությամբ։ Այսինքն՝ ձևավորված խմբակցությունները որպես համայնքի ղեկավարի իրենց թեկնածու կարող են ներկայացնել իրենց ցուցակների առաջին համարներին, եթե առաջին համարը հրաժարվում է՝ կարող են առաջադրվել ցուցակում հերթականությամբ հաջորդող թեկնածուները։
Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչ է տեղի ունենում մեկից ավելի թեկնածուների առաջադրվելու պարագայում, ապա Մելոյանը նշեց․ «Եթե մեկից ավելի թեկնածուներ են առաջադրվել, համայնքի ղեկավար է ընտրվում համայնքի ավագանու անդամների ընդհանուր ձայների մեծամասնությունը: Եթե թեկնածուներից որեւէ մեկն ընդհանուր ձայների մեծամասնությունը չի ստանում, ապա ամենաշատ թվով ձայներ ստացած 2 թեկնածուի միջև է քվեարկություն անցկացվում: Եթե այս փուլում ձայները հավասարաչափ են բաշխվում, ապա լրացուցիչ քվեարկություն է անցկացվում, որի դեպքում ձայների մեծ մասը ստացած թեկնածուն ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նորից ձայները հավասար են բաշխվում, ապա ընտրվում է տարիքով ավագ թեկնածուն»,- ասաց նա:
Սահմանադրագետը պարզաբանեց, որ մեկ այլ տարբերակով էլ՝ մեկից ավելի խմբակցություններ կարող են մեկ թեկնածություն ներկայացնել և իրենց ձայնը տալ նրան, սակայն այդ դեպքում ավագանիում խմբակցություն ձևավորած ուժերը ոչ թե կոալիցիա պետք է կազմեն, այլ կարող են համաձայնության գալ այս կամ այն ուժի թեկնածուին աջակցելու ու նրա օգտին քվեարկելու հարցում:
Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Բալասանյան» դաշինքը ստացել է ձայների 36․58 տոկոսը, ՔՊ-ն 29.56 տոկոս, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60 տոկոս, «Ապրելու երկիրը»՝ 5:65, իսկ ՀՀԿ-ն 5․06 տոկոս։
Սոնա Հարությունյան