Սյունիքի մարզի Տաթեւ խոշորացված համայնքում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ձայների վերահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրված ձայների քանակն ավելացել է 9-ով:
«34/19 տեղամասում ձայների վերահաշվարկի արդյունքում մի քանի խախտում է հայտնաբերվել. ընտրողների ցուցակը սխալ է արձանագրվել՝ մասնակցել էր 1168 մարդ, լրացուցիչ ցուցակով՝ 9, բայց պարզվեց, որ հանձնաժողովը երկու հոգու ավելացրել է լրացուցիչ ցուցակում՝ առանց անձնագրային տվյալները լրացնելու եւ ստորագրության, ինչն անվավեր է համարվել, եւ, այդպիսով, մասնակիցների թիվը երկուսով պակասեցվել է: Բացի այդ, անվավեր ճանաչված 33 քվեաթերթիկից 14-ը վավեր է եղել, որից 9-ը ավելացավ ՔՊ-ին, 4-ը՝ «Շանթ» դաշինքին, 1-ը՝ «Ապրելու երկիր» կուսակցությանը»,- հայտնել է թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը:
Արձանագրված արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 1280 ձայն էր ստացել, եւ 6 ձայն է պակասել մեծամասնություն ստանալու համար, իսկ այժմ՝ 9 ձայնի ավելացման պարագայում, արդեն հնարավոր է մեծամասնություն կազմել: