11 ամիս շարունակ գերության մեջ մնալով՝ Մելս Ամբարդարյանը երեկ՝ հոկտեմբերի 19-ին, վերադարձավ հայրենիք։ Նրան օդանավակայանում սպասում էր եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը։ 

Վերջինս ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ օդանավակայան էր գնացել իր հայրենակիցների կողքին լինելու, նրանց ուրախությունը կիսելու համար, Տիգրանը ինքնաթիռի վայրէջքից միայն րոպեներ առաջ է իմացել, որ իր եղբայրը ևս հայրենիք վերադարձած գերիների մեջ է.

«Իմացել եմ, որ ինքնաթիռ է գալու, գնացել եմ օդանավակայան, հետո արդեն, երբ օդանավակայանում էի տելեգրամյան ալիքներից տեղեկացա, որ եղբայրս էլ է վերադարձած գերիների ցուցակում: Մինչև իր օդանավակայանից իջնելը, ճիշտն ասած, չեմ հավատացել, որ ախպերս էլ է նրանց մեջ լինելու»,- ուրախությամբ պատմեց Մելսի եղբայրը՝ հավելելով, որ այդ օրը ներքին որևէ զգացողություն չի ունեցել:

«Այս անգամ, երբ իմացա, որ 5 հոգի են վերադարձողները, մտածեցի՝ ինչու այդ 5-ի մեջ հենց իմ եղբայրը պետք է լինի: Այդպես մտածելով էլ՝ գնացի լինելու այն ծնողի կողքին, որը դիմավորում էր իր երեխային»,- նշեց նա:

Մեր զրուցակիցը պատմում է, որ եղբորը կարողացել է տեսնել միայն զինվորական հոսպիտալում, որտեղ էլ 5 րոպե շարունակ գրկախառնվել է առանց որևէ բառ փոխանակելու. «Շոկի մեջ էի ուղղակի, օդանավակայանից գնացինք հոսպիտալ, որտեղ էլ հանդիպեցի եղբորս: Անբացատրելի զգացում էր ինձ մոտ: Մելսին, որ տեսել եմ, մոտավորապես, 5 րոպե ոչ մի բառ չենք փոխանակել, ամուր գրկել ենք իրար: Դեռ հոսպիտալում է, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ինձ հետ տուն տանելու»,- ասաց Տիգրանը՝ ընդգծելով, որ ցանկանում է՝ բոլորի հարազատները վերադառնան, որ իրենք էլ զգան, թե ինչ է կատարվում այն մարդու հետ, որը հույսը կորցրած սպասում է, որ մթության մեջ մի լույս վառվի՝ ինձ համար վառվեց այդ լույսը:

Անդրադառնալով գերությունից վերադարձած տղաների առողջական վիճակին, նա ասաց. «Զգացի, որ այդ մարդիկ անասելի  չարչարանքներ են տարել Բաքվի բանտում, բայց,  առողջական տեսանկյունից չեմ կարող հստակ գնահատական տալ, որովհետև արտաքին տեսքից նորմալ էր ամեն ինչ»:

Տիգրանը եղբոր վերադարձի լուրը հայտնել է ծնողներին միայն այն ժամանակ, երբ վստահ է եղել՝ Մելսը հայրենիք վերադառանալու ճանապարհին է. «Ծնողներիս հայտնեցի միայն այն ժամանակ, երբ հստակ իմացա, որ եղբորս անունը կա վերադարձող գերիների ցուցակի մեջ: Առաջինը ասել եմ հայրիկիս, բոլոր հարազատները հավաքվել էին մեր տանը՝ ուրախությունը կիսելու. իրենք էլ ինձ նման շոկի մեջ էին»,- պատմեց նա: 

Ըստ մեր զրուցակցի խոսքերի՝ միշտ հավատացել է, որ գալու է մի օր, երբ իր ընտանիքը այս մղձավանջից դուրս կգա: Սակայն, այն, որ եղբայրը այլևս գերության մեջ չէ, Տիգրանին ետ չի պահում բողոքի ակցիաներ անելուց և պարբերաբար գերիների վերադարձի մասին խոսելուց. «Ինձ համար, բողոքի ակցիաներն ու պայքարը վերջացած չէ այնքան ժամանակ, քանի դեռ չեն եկել մեր բոլոր գերեվարված տղաները: Մեզ սա դաս եղավ»,- ընդգծեց Տիգրանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան հայրենիք վերադարձան 5 ռազմագերի։ Նրանք բոլորը Շիրակի մարզից են։ Նրանցից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդարյանին, հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում: Բաքվի դատարանում հուլիսի 22–ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ։ Նրանց թվում նաև Երևան վերադարձած Ժորա Վանոյի Մանուկյանը։
 
Նրանք գերեվարվել էին պատերազմի ավարտից հետո. 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի Պաշտպանության բանակը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել էր 73 հայ զինծառայող: Ավելի վաղ, զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ, որոնց մի մասին հնարավոր էր եղել հանել այնտեղից, իսկ 62 շիրակցի, ինչպես հետո պարզվեց, գերեվարվել են դեկտեմբերի 13-ին։

Զվարթ Պետրոսյան