Քաղաքագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջին շրջանում Իլհամ Ալիևի պարբերական ջղաձգումները, որոնք դրսևորվում են նաև Հայաստանի հանդեպ թշնամական հռետորաբանության ակտիվացմամբ և սահմանային ռազմական սադրանքներով, կարելի է բացատրել նաև արցախյան հիմնախնդրի հետ կապված որոշ ուշագրավ զարգացումներով։ Այս համատեքստում պետք է ընդգծել, որ հայկական ուղղությամբ Բաքվի ցանկացած ակտիվացում երկրորդական էֆֆեկտով թիրախավորում է նաև Մոսկվաին՝ որպես հետպատերազմյան ժամանակահատվածում գետնի վրա ծավալվող գործընթացների առանցքային միջնորդ։ Ասել է, թե՝ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պարբերական խախտումները և՛ գործառնական մակարդակում, և հեղինակության մասով բացասաբար ազդեցություն են ունենում նաև Ռուսաստանի վրա։
Մինչդեռ ալիևյան վերջին ցայտնոտի պատճառ կարելի դիտարկել ոչ միայն տարածաշրջանում արձանագրվող մի շարք օբյեկտիվ իրողություններ, որոնք դրսևորվում են տարբեր միջնորդական ձևաչափերի և տարածաշրջանում շահեր հետապնդող մի շարք դերակատարների կողմնակի ակտիվությամբ(ԵԱՀԿ ՄԽ, «Վրացական հարթակ», ԵՄ, Իրան, Հնդկաստան և այլն)։ Քանի որ այդ իրողություններն իրենց հերթին արդենիսկ զգալիորեն նվազեցրել են պատերազմում տարած հաղթանակի էֆֆեկտը և դրա կապիտալիզացման փորձերը տարածաշրջանի մակարդակում (ներադրբեջանական գործընթացներում նույն խնդիրը մեկ այլ վերլուծության թեմա է)։
Հետևաբար, Բաքվի անհանգստությունը կարելի է բացատրել հենց Ռուսաստանի դիրքորոշման և հռետորաբանության մեջ նկատվող որոշ ուշագրավ խմբագրումներով։
Մասնավորապես, բացի բոլոր հնարավոր հարթություններում Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում նկատվող աննախադեպ ակտիվությունից, ուշագրավ փոփոխություններ են նկատվում արցախյան հիմնախնդրի հետ կապված պաշտոնական Մոսկվայի հռետորաբանության մեջ, ընդ որում՝ հնարավոր ամենաբարձր մակարդակում։ Որպես օրինակ՝ արդեն կրկնակի անգամ թեմատիկ անդրադարձներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ռուս խաղաղապահների՝ ոչ թե Արցախում, այլ Հայաստանի տարածքում խաղաղապահ առաքելություն իրականացնելու շեշտադրումն է։ Մասնավորապես, նման առաջին հայտարարությունը սեպտեմբերի 29-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման մեկնարկին Վ. Պուտինի խոսքում հնչեցված հետևյալ միտքն էր․ «Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին հրադադարի վերահսկման կենտրոնը (Աղդամում տեղակայված հրադադարի համատեղ մշտադիտարկման ռուս-թուրքական կենտրոն) ակտիվ գործունեություն է ծավալում»։
Իսկ արդեն հոկտեմբերի 15-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ունեցած ելույթում ԼՂ հակամարտությանն անդրադառնալիս, ՌԴ նախագահը նշել է. «Մեր երկրի ակտիվ աջակցության շնորհիվ հակամարտությունը հնարավոր եղավ կանգնեցնել(կանգնեցնելը հանգուցալուծել չէ, որի մասին պնդում են Բաքուն և Անկարան), և ռուսական խաղաղապահ զորախումբը որպես հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր է հանդես գալիս։ Մեր օժանդակությամբ իրականացվում է հումանիտար բեռների տեղափոխում, ականազերծվում են տարածքներ, ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել՝ երկու կողմից էլ, երկու տարածքներում էլ՝ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի տարածքում»։
Այսինքն՝ ՌԴ նախագահը հերթական անգամ ականազերծման գործողությունները ներկայացնում է ոչ թե Արցախում, այլ Հայաստանում։
Հետևաբար ռուս խաղաղապահները գործում են Ռուսաստանի դաշնակից Հայաստանի տարածքում, ինչն առնվազն Մոսկվայի տեսանկյունից բավականաչափ դյուրինացնում է խաղաղապահ առաքելության գործունեության ժամկետի երկարաձգման խնդրի լուծումը, եթե ադրբեջանական կողմն այդ հարցում 4 տարի անց ունենա ինչ-ինչ վերապահումներ։ Վստահաբար, պաշտոնական Մոսկվայի նման շեշտադրումները չէին կարող աննկատ մնալ Բաքվում։
Եվ չի բացառվում, որ Ռուսաստանի՝ հետպատերազմյան շրջանում ստանձնած միջնորդության գոտում պարբերաբար լարվածություն հրահրելով, ադրբեջանական կողմը ձգտում է ստանալ առանձին սակարկությունների հնարավորություն, որի շրջանակում էլ պարզել Ռուսաստանի հռետորաբանության փոփոխության նպատակը։
Հ.Գ. Վ.Պուտինի հռետորաբանության մեջ արձանագրված վերոնշյալ շեշտադրումներն առնվազն մտորելու տեղիք են տալիս նաև հայկական կողմի համար։ Քանի որ այդ ուղեգիծը կարող է աստիճանաբար դուրս մղել Արցախին՝ որպես հակամարտության ինքնուրույն սուբյեկտi։ Հետևաբար նաև բարդացնում է հետպատերազմյան շրջանում «անջատում հանուն փրկության» բանաձևի կիրառմամբ հայկական կողմի դիրքորոշման իրացման հնարավորությունը, որի տրամաբանությունը տրամագծորեն հակառակն է՝ միտված է միջազգային պրակտիկայի հիմքով Արցախի սուբյեկտայնության բարձրացմանը»։