Երեկ՝ հոկտեմբերի 20-ին,  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ 2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 20 դրամով, այս պահին 180 դրամ է, կդառնա 200 դրամ: Ըստ նրա, այդ սակագինը կայուն կմնա 10 տարիների ընթացքում։ 

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց տնտեսագետ, «Հասարակական պաշտպանների միության» նախագահ Արամ Գրիգորյանի հետ: Նա այն կարծիքին է, որ օրենքով Հանրային ծառայություններ կատարող հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքականացված մարմին, և պարտավոր չէ լսելու քաղաքական որևէ մարմնի, այլ պարտավոր է լսել ընկերություններին և սպառողներին, բայց, ըստ Արամ Գրիգորյանի, այստեղ հակառակ պատկերն է՝ հանձնաժողովը լսում է քաղաքական բոլոր մարմիններին՝ արհամարհելով սպառողներին և ընկերություններին: 

«Հանձնաժողովը միայն պետք է ուշադրություն դարձնի ընկերության կողմից ներկայացված հիմնավորումներին, ծառայությունների որակին և հանձնաժողովը պետք է իրականացնի հանրային լսումներ, լսի սպառողների դիրքորոշումները այնուհետև իրականացնի իր հավասարակշռման գործառույթը: Այս պարագայում մենք կարգավորում երբեք չենք ունենալու և սակագներն էլ մեծ արագությամբ անընդհատ աճելու են: Սակագինը ծառայության համար վճարվող սպառողների կողմից գին է: Եթե պատկան մարմինները, «Վեոլիա» ջուրը, հանձնաժողովը կամ Կառավարութունը հանրությանը բացարձակ տեղյակ չեն պահում, թե ինչ ծառայություններ պետք է մատուցվի Վեոլիա ջուր ընկերության կողմից, թե որ ծառայություններն են, որ այսօրվա դրությամբ վատ են մատուցվում, ապա խոսելը ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ ուղղակի ճիշտ չէ»,- նշեց տնտեսագետը:

Վերջինս նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի իրականացնում իր օրենքով տրված գործառույթը: Տնտեսագետն ասաց, որ մինչև վարույթի ավարտի օրը, որևէ հանձնաժողովի նախագահ կամ անդամ իրավունք չունի սակագների թվի մասին խոսելու, սակայն հանձնաժողովի նախագահը խոսեց այդ թվերից. «Հանձնաժողովը քաղաքական մարմին չէ և, քաղաքական շահերից ելնելով, պետք է որևէ գործառույթ չիրականացնի: Իրենց գործառույթը միշտ հետևյալն է եղել. ընկերությունները գրում են անիմաստ թվեր, հանձնաժողովը պայմանավորվում է ընկերությունների հետ և որոշակի չափով այդ անիմաստ թվերը իջեցնում են, անունը դնում են, թե տեսեք, մենք մեր գործառույթը իրականացրինք, այդ բարձր թվերը իջեցրինք»,- ասաց Արամ Գրիգորյանը՝ հավելելով, որ այդպիսի կարգավորումներ հանրային ծառայությունների ոլորտում բացարձակ չի կարող լինել:

Մեր զրուցակիցն ասաց, որ Հանրային ծառայություններ կարգավորող այս կառույցը պարբերաբար պետք է հանրային լսումներ իրականացնի և հրավիրի սպառողներին, որպեսզի նրանք տեղյակ լինեն, թե ինչու է ընկերության կոմից դրվել բարձր գին. «Ինձ հետաքրքիր է, թե հանձնաժողովը ո՞ր հիմնավորմամբ է ասում, ոչ թե 43 այլ 20 դրամով պետք է բարձրանա ջրի սակագինը: Սա նշանակում է, որ ընկերությանը տրվում է հնարավորություն որոշ ծառայություններ չիրականացնելու կամ որոշ ծառայությունների որակը գցելու: Սրանք այնպիսի հարցեր են, որ հանձնաժողովը պետք է անդրադառնա, ոչ թե ամեն անգամ խոսի ծառայության մատուցման գնից»,-ընդգծեց նա: 

Տնտեսագետն ասաց, որ ջրի սակագնի բարձրացում սպասվում էր դեռ 1-2 տարի առաջ, սակայն, քաղաքական իրավիճակից ելնելով, այդ թանկացումներն իրենց սպասեցնել տվին. «Այդ չիրականացված բարձրացումը կրկնակի իրականացվում է հիմա, քանի որ ընտրություններ չկան և հանգիստ կարող են բարձրացնել սակագինը»,- նշեց Արամ Գրիգորյանը:

Նա ասաց, որ մեծ նշանակություն ունի, թե ինչ է ցանկանում հենց սպառողը, օրինակ եթե ցանակնում է որակյալ ծառայություն, ապա այդ ծառայությունների սակագները պետք է համապատասխանեն որակին, իսկ եթե ցանկանում է իր գրպանին համարժեք սակագին, ապա այդ դեպքում ծառայության որակի մասին խոսելու կարիք չկա. «Այսօրվա ջրամատակարարման ծառայությունների որակը ահավոր ցածր է, կարող եմ ասել, որակ ընդհանրապես չկա: Հիմք ընդունելով այս տեսակետը՝ չեմ կարծում, թե այս սակագինը, որը ներկայացվում է, համապատասխանում է ջրամատակարարման ծառայության որակին: Խնդիրը շատ կարևոր է այն վերաբերում է ոչ միայն ջրամատակարարմանը, այլև գազին, էլեկտրականությանը և մնացած սակագնային խնդիրներին, որն այս հանձնաժողովը իբրև փորձ է անում կարգավորել»,-եզրափակեց Արամ Գրիգորյանը:

Զվարթ Պետրոսյան