Ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:
Նա տեղեկացրեց, որ Հայրապետյանը ձերբակալվել է ՔՕ 112 հոդվածի առաջին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը):
«Կալանավորման միջնորդություն է ներկայացվել Դատախազություն»,- հավելեց Թադևոսյանը:
Թե կոնկրետ ի՞նչ քրեական գործով է անցնում նախկին պատգամավորը պաշտոնական տեղեկություն դեռևս չկա։ Սակայն որոշ մանմրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 2016 թվականի մայիսի 9-ին Եղվարդի Խճուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ Վաղինակ Սահակյանին: Ըստ աղբյուրին հասած լուրերի՝ Ջանիբեկ Հայրապետյանը հարվածել է Վաղինակ Սահակյանի դեմքին, զրկել է վերջինիս ձախ աչքից և պատճառել է ծանր մարմնական վասվածք: Միաժամանակ ստացված տեղեկությունների համաձայն՝ նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը հօգուտ իրենց լուծելու համար Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց միջնորդությամբ և օժանդակությամբ իրավասու պաշտոնյաներին խոշոր չափի կաշառք է տվել, որի դիմաց թաքցվել է նշված դեպքին Ջանիբեկ Հայրապետյանի մասնակցության փաստը, իսկ կատարված արարքը մեղսագրվել է Գևորգ Բայադյանին:
Ավելին, իրավապահները տվյալներ ունեն, որ վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք ստացած Սահակյանը սպառնալիքների և ճնշումների ներքո հրաժարվել է բողոքից, ինչի արդյունքում էլ որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել: Սակայն այսօր տարիներ առաջ տուժած անձը որոշել է կատարվածի մասին պատմել իրավապահներին և իրավապահները դեպքին ընթացք են տվել և նյութեր են նախապատարաստում։