Հայաստանն այլևս չի օգտագործում տեղական արտադրության ՊՇՌ թեստեր։ Կառավարությունը թեստերը ներմուծում է, ընդ որում, որոշները՝ նվիրատվության տեսքով, մի մասն էլ գնումներով։ Գնված թեստերի արժեքը տատանվում է 850 դրամից մինչև 3000 դրամ, «Փաստինֆո»-ին պաշտոնապես հայտնել է Առողջապահության նախարարությունը։
Լրատվամիջոցը գրավոր հարցմամբ դիմել է Առողջապահության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե ո՞ր երկրի արտադրության ՊՇՌ թեստերն են օգտագործվում և ի՞նչ գնով է Հայաստանը դրանք ձեռք բերում։
Նախարարությունից տեղեկացրել են, որ ՀՀ-ում հիմա օգտագործվում են Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Բելգիայի, Լեհաստանի, Չեխիայի, Կորեայի, Բելառուսի արտադրության ՊՇՌ թեստերը, որոնք ստացվում են որպես նվիրատվություն, մի մասն էլ ձեռք է բերվում։ Ձեռք բերված և մատակարարված թեստերն արտադրված են եղել Չինաստանում, Ռուսաստանում, Չեխիայում, Բելառուսում: Թեստերի արժեքը տատանվում է 850-ից մինչև 3000 դրամ սահմաններում: Նախարարությունը չի մանրամասնել, թե որքան թեստ է ձեռք բերել ամենացածր՝ 850 և ամենաբարձր՝ 3000 դրամով։ Չի ներկայացվել նաև, թե ինչպես են բաշխվում նվիրատվությամբ Հայաստան ուղարկված թեստերը։
Միաժամանակ Հայաստանում թեստավորման արժեքը տատանվում է՝ 7 000-ից մինչև 20 000 դրամ։ Հայաստանում անվճար թեստավորում իրականացվում է միայն պոլիկլինիկաներում: Մնացած դեպքերում քաղաքացիները ստիպված են լինում իրենց գրպանից մի քանի անգամ ավելին վճարել՝ թեստավորում կատարելու համար։
Հարցին, թե ամսական քանի՞ թեստ է մեր երկրում օգտագործվում, նախարարությունից կոնկրետ թիվ չեն նշել, հայտնել են, որ ՊՇՌ թեստերի օգտագործման քանակը անմիջականորեն պայմանավորվում է կորոնավիրուսային վարակի համաճարակային իրավիճակով: Սակայն 2021 թվականի նոյեմբերի 1-ի տվյալով՝ հիվանդության տարածման սկզբից ՀՀ-ում ընդհանուր կատարվել է 2.110.256 թեստավորում, որոնցից միայն մոտ 100 000 է եղել տեղական արտադրության թեստերով։
Դեռևս 2020 թվականի ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանը, խոսելով COVID-19 ՊՇՌ թեստերի անհրաժեշտության մասին, հայտարարել է, թե 550․000 ԱՄՆ դոլար են տրամադրելու ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին, որպեսզի ստեղծվեն տեղական թեստեր, ձեռք բերվի հումքը։ Ըստ Փաշինյանի, Հայաստանը պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր։ Հունիսի 24-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ հայկական արտադրության թեստերն արդեն պատրաստ են:
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ հետաքրքրվել է նաև տեղական արտադրության թեստերից՝ խնդրելով նախարարությանը տեղեկացնել, թե դրանք ինչ ծավալով են օգտագործվում, սակայն պարզվել է, որ Հայաստանն այդպես էլ չի դարձել թեստ արտադրող երկիր։ Առողջապահության նախարարությունը հայկական թեստեր ստացել է միայն 2020 թվականին՝ ընդամենը՝ 103.155 թեստ։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ինստիտուտի տնօրենը հայտնել էր, որ 100 հազար թեստի համար կծախսվի մոտավորապես 250 հազար դոլարի կարգի գումար՝ նյութերի համար։ Վերջինս 2020-ի հուլիսի 1-ին պնդում էր, որ մեկ թեստի ինքնարժեքը 2 դոլար 75 ցենտից չի անցնում։ Մինչդեռ շուրջ 100 000 թեստ արտադրել են՝ 550.000 դոլարի դիմաց։
Կոպիտ հաշվարկով՝ արտադրված թեստերից յուրաքանչյուրի արժեքը կազմել է միջինը 5,3 դոլար։ Ստացվում է, որ հայկական արտադրության թեստը բավական թանկ է արժեցել՝ մոտավորապես 2500 դրամ։
Մինչդեռ, ըստ ԱՆ-ի, Հայաստանը թեստեր է ձեռք բերել նաև 850 դրամով։ Եվ ստացվում է, որ անհամեմատ էժան է թեստ գնելը, քան արտադրելը, այլ խոսքով՝ 550.000 ԱՄՆ դոլարն ուղղակի վատնվել է, անարդյունավետ ծախսվել։
Հայաստանը չդարձավ թեստ արտադրող, այլ այն բազմակի թանկ՝ սեփական քաղաքացիների վրա իրացնող երկիր, քանի որ թեստերը ձեռք են բերվում 850- 3000 դրամով, սակայն իրացվում 7 000-20 000 դրամով։
Հայաստանը ՊՇՌ թեստեր է ձեռք բերում 850-ից 3000 դրամով. հայկական արտադրության թեստերն այլևս չեն օգտագործվում։