«ՀՀ արտաքին գործերի նախարարության 2022-ի բյուջեն 2021-ի համեմատ կավելանա 2.26 տոկոսով, միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ»: Այս մասին հայտնեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:
2022-ին նախատեսվում է, որ ԱԳՆ-ի մասով պետք է իրականացվեն 5 ծրագրեր, որոնցում ընդգրկված կլինեն 8 միջոցառումներ:
«Բյուջեի նախագծով առաջարկված ծախսերի հանրագումարը 2022-ի համար կազմում է 18 մլրդ 653 մլն դրամ՝ 2021-ի հաստատված բյուջեի համեմատությամբ ավելի 412 մլն դրամով կամ 2.26 տոկոսով»,-ասաց Խաչատրյանը:
Նախարարը հնչեցրեց նաև այն թիվը, որը ծառայելու է միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար: «Դա 2022-ի համար 2 մլրդ 295 մլն դրամ է՝ 2021-ի պետբյուջեով հաստատված 2 մլրդ 197 մլն դրամի փոխարեն: Աճը 4.47 տոկոս է»,- ասաց նա: