ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի այցը Արցախ Ադրբեջանի կողմից գնահատվել է իբրև «Երևանի կողմից հերթական սադրանքը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

«Այս ամենը վկայում է այն մասին, որ հայկական կողմը միտումնավոր փորձում է սրել իրավիճակը: 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկամյակի շեմին կատարված այս քայլերը մեկ նպատակ ունեն' սևացնել խաղաղապահների գործունեությունը, դրանք, ընդհանուր առմամբ, եռակողմ հայտարարության խախտում են»,- ասել է նա:

Աբդուլաևան նաև անդրադարձել է Շուշի քաղաքի մոտակայքում նոյեմբերի 8-ին տեղի ունեցած միջադեպին: Նա նշել է, թե «սովորաբար, երբ տվյալ տարածքում ինչ-ինչ աշխատանքներ են ծրագրվում, այդ մասին իրազեկում են ռուս խաղաղապահներին, և բոլոր աշխատանքները տարվում են նրանց ուղեկցությամբ»: Այս անգամ, ըստ ԱԳՆ խոսնակի, խաղաղապահները տեղեկացված չեն եղել և չեն մասնակցել, ինչն էլ «լուրջ հարցեր է առաջացնում»: