Պաշտպանության նախարարին ռազմական գիտելիքներ ունենալը պարտադիր չէ. Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար գործող Կառավարության անդամներից լավագույն թեկնածուն է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք Սուրեն Պապիկյանի Պաշտպանության նախարար նշանակվելուց հետո ՀՀ տարածքում Ադրբեջանի իշխանությունների կողմից կատարվող անօրինությունները կդադարեն, Մովսես Հակոբյանը կտրուկ պատասխանեց՝ ոչ. «Կարծում եմ՝ Պապիկյանը որոշակի ադեկվատ գործողություններ կնախաձեռնի Պաշտպանության նախարարությունը կարգի բերելու համար»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով երեկ ադրբեջանցի զինվորների կողմից հայկական 4 դիրքերը շրջափակելուն և հայ զինվորների կողմից որևէ քայլի չդիմելուն՝ Մովսես Հակոբյանն այսպես ներկայացրեց ստեղծված իրավիճակը. «Այն ամենն․ ինչ տեղի ունեցավ երեկ, զինվորական ղեկավարության անգործունեության արդյունքն էր»:
Նա այն կարծիքին է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ավտոճանապարհներին մաքսային անցակետերի տեղադրման վերաբերյալ արձանագրություն կա. «Հստակ գրված չէ այդ մասին, բայց այդ ամենն այդ փաստաթղթի ի կատար ածելու արդյունքն է»,- նշեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկու հրամանագիր ստորագրեց, որոնցից մեկով Արշակ Կարապետյանն ազատվեց Պաշտպանության նախարարի պաշտոնից, իսկ մյուսով Սուրեն Պապիկյանը նշանակվեց այս պաշտոնում։
Զվարթ Պետրոսյան