Երեկ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ էին, որոնց արդյունքներն, իհարկե, սպասված էին: Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը հավաքած քվեների քանակով հսկայական առավելությամբ հաղթանակ տարավ ՔՊ-ական մրցակցի հանդեպ: Սակայն, որքան սպասելի էին ընտրությունների արդյունքները, այնքան էլ անսպասելի էին հաղթանակ տարած Փարսյանի կողմից հնչեցված մի շարք հայտարարությունները:

Դիցուք՝ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Փարսյանը, կարծես թե, մտափոխվել է, համենայնդեպս, վերջինս պնդում է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջը կեղծ օրակարգ է և ինքը այդ հրաժարականը չի պահանջում' ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: Թե որն է այդ նպատակահարմարությունը՝ դժվար է ասել: Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Սյունիքի համայնքապետերը, այդ թվում Գևորգ Փարսյանը տարածել էին հետևյալ հայտարարությունը, որի մեջ նշվում էր, որ այս պահին գերխնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, բնակչության անվտանգության ապահովումը: «Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Սյունիքի բնակչության անվտանգության ապահովման հարցն է»,-ասված էր հայտարարությունում: Թե ինչ է փոխվել մեկ տարի անց՝ բարդ է ասել, իրավիճակը ավելի է վատթարացել, սակայն Փարսյանը այլևս Փաշինյանի հրաժարականը չի պահանջում:

Ավելին՝ արդեն ընտրվելուց հետո իր աջակիցների էյֆորիայի ֆոնին Փարսյանը հայտարարեց, որ երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է և նրա հետ համագործակցելն այլընտրանք չունի: Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ ձևաչափով է Փարսյանը պատրաստվում համագործակցել Փաշինյանի և ՔՊ-ի հետ, գուցե այն նույն ձևաչափով, որով համագործակցում են Գյումրիում «Բալասանյան» դաշինքն ու իշխանական ուժի ներկայացուցիչնե՞րը: Փարսյանի հայտարարությունից չի բացառվում, որ «Շանթ» դաշինքը կարող է կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ և կյանքի կոչել՝ իրենց իսկ խոսքով այլընտրանք չունեցող համագործակցությունը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ ինչպես և Գյումրիում՝ Կապանում ևս ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները կարող են հայտնվել քցվածների կարգավիճակում: Քանի որ երկրորդ անգամ ՔՊ-ն իր բացահայտ պարտությունը կարող է վերածել հաղթանակի:

Ի դեպ, «Շանթ» դաշինքով Փարսյանի ընտրվելը նույնպես որոշակի հարցեր է առաջացնում: Հետաքրքիր է, թե ինչպես է ընդամենը ամիսներ առաջ ընդգծված պրոռուսական քաղաքական գիծ տանող երկրորդ նախագահին աջակցող Փարսյանն առաջադրվում ընդգծված հակառուսական քաղաքական գիծ տանող Շանթ Հարությունյանի դաշինքով: