Քաղաքացիներն այսօր՝ նբոյեմբերի 22-ին, վաղ առավոտից 44 րոպե փակել են Երևանի մի շարք գլխավոր փողոցներ։ Ակցիա իրականացնող քաղաքացիների թվում են ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում 7-րդ գումարման խորհրդարանի իշխանական խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասաց այսօր ժամը 17։00-ին նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց՝ հանրությանը տեղեկացնելու երկրի առջև ծառացած խնդիրները և պահանջելու հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերն ու դրանց բովանդակությունը․ «Ակցիաները շարունակական բնույթ են կրելու մինչև չհասնենք այդ փաստաթղթի բովանդակության մանրամասն ծանոթացմանը, իրական փաստաթղթի հետ և դրա ստորագրման չեղակրմանը, ինչպես նաև բանակի ժամանակակից զինմանը, առաջնագծի կահավորմանը, գերիների հարցերով պատշաճ զբաղվելուն և մյուս օրհասական խնդիրների լուծմանը»,- նշեց Հովսեփյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե հավաքներն ու ակցիաները, սովորաբար, հանրությունը կապում է այս կամ այն քաղաքական ուժի հետ, ինչպե՞ս կարող է հավաստիացնել, որ իրենք չեն ուղղորդվում որևէ մեկի կողմից՝ Հովսեփյանն ասաց․ «Ես ոչինչ չեմ հավաստիացնի, այլ հանրությանը կասեմ՝ ուժը հենց ինքն է և ամեն ոք, եթե ինքը մարդկանց կապում է ինչ-որ ուժի հետ, իսկ իրեն՝ ոչ, ապա ինքը պետք է լինի հավաքի առաջնորդը, թող գա և ես սիրով կենթարկվեմ իր հրամաններին, առաջարկներին ու պահանջներին»։
Նրա խոսքով՝ քաղաքացիները դրական են արձագանքում ակցիային և իրենց միացողները գնալով ավելանում են․ «Պետք է գործողություն անես և ուղղակի չնստես սպասես, թե ինչպես է մեր երկիրը մասնատվում ու բզկտվում։ Մարդիկ կային, որ դժգոհում էին աշխատանքից ուշանալու համար, մենք ներողություն խնդրեցին, թեև ընդամենը 44 րոպեանոց ակցիա էինք կատարում, բայց իրենք չեն գիտակցում՝ եթե այսօր շտապում են աշխատանքի ու երկիրը չեն կարևորում, ապա օրեր անց ընդհանրապես չեն կարողանա աշխատանքի գնալ։ Նույն աշխատանքի իրավունքը խախտվել է Շուռնուխում, Ճակատենում, Որոտանում և մյուս տեղերում, ավելին՝ մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքն է խախտվել և որևէ մեկը Երևանում չի մտահոգվում, որ այդ մարդիկ անգամ իրենց գյուղից դուրս գալ չեն կարող, որովհետև ադրբեջանցին փակել է իրենց ճանապարհը»,- ասաց Հովսեփյանը։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից արգելափակված էին Երևանի տարբեր փողոցներ, այդ թվում՝ Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան, Հաղթանակի կամուրջը:
Սոնա Հարությունյան