Ոչ մի ապաշրջափակում չի լինելու, թուրքերը բացելու են կոմունիկացիաներն ու փակեն և դա անելու են անընդհատ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ապաշրջափակման տնտեսական օգուտներին։ 

«Թուրքերն ուզում են այս պետությունը խեղդել»,– ասաց նա։

 
 

Հրանտ Բագրատյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը առանց երկար-բարակ մտածելու Գորիսից Կապան ճանապարհները տվել է, առանց ասելու՝ դե դու էլ մինչեւ Նոյեմբերյան սահմանը ստորագրությամբ ճանաչի. «Սա «լոխ»-ի տրամաբանություն է: Եթե ես հիմա մի բան տալիս եմ, ինչու չեմ ասում՝ դե դու էլ ստորագրի այն, ինչն ինձ է մնում: Սա ոչ պրոֆեսիոնալիզմ է: ՀՀ նախագահի և Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործունեության պատճառով հայտնվել ենք կեղտի մեջ»,– ասաց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

«Այս ծանր ժամանակ ես առաջարկում եմ ինձ։ Մենք խնդիր ունենք երկիրը փրկելու, չզարմանաք, որ վաղը մեկ էլ տեսար БТР-ներով ադրբեջանցիք մտան Երևան։ Տարածքներին հաջորդելու է փախստականների վերադարձի հարցը։ Հիմա ես ասում եմ, ասելու են՝ հուշում է, իբր Ադրբեջանը Թուրքիայի հետ խելք չունեն, սպասում են Բագրատյանը իրենց սովորեցնի»,–ասաց նա: