Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարել է հեղաշրջման փորձը կանխելու մասին։
«Ազգային անվտանգության պետական կոմիտեի և ՆԳՆ-ի կողմից առաջիկա խորհրդարանական ընտրությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել մի խումբ անձանց մասին, որոնք ծրագրում էին սադրանքներ կազմակերպել՝ հասարակական-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար»,- ասել է խոսնակը։
Նրա խոսքով՝ այս խումբը ղեկավարել են պատգամավորներ ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք ծրագրում էին զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել Բիշքեկում և հույսը դրել էին ընտրություններում պարտված քաղաքական ուժերի աջակցության վրա։ Դրա համար խումբը հավաքագրել է մոտ հազար ագրեսիվ երիտասարդների։
Խուզարկություններ են կատարվել խմբի ամենաակտիվ անդամների բնակության վայրում և նրանց աշխատասենյակում։ Հատուկ ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել են հանցագործության նախապատրաստությունը հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև հրազեն, զինամթերք և թմրանյութեր։ Արդյունքում՝ կալանավորվել է խմբի 15 անդամ։