Ջերմուկի գումարտակի հրամանատարի տեղակալն ու դիրքի դիտորդը կալանավորվել են։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց  Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Նա նշեց, որ նրանք կալանավորվել են Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ-ի մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կային ձերբակալվածներ։ Ըստ հաղորդագրության` Ջերմուկի տեղամասում ադրբեջանական կողմն անակնկալ հարձակվել է ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա, սակայն «վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ»։

 
 

Իսկ արդեն նոյեմբերի 22-ին ձերբակալվել էին զորամասի մեկ պայմանագրային զինծառայող և գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ. Գ.-ն, վերջինիս մեղադրանք էր առաջադրվել, նա կալանավորվել էր:

Գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը, ըստ հաղորդման, նշանակված է եղել գումարտակի պահպանության նշված շրջանում տեղակայված հրամանատարական դիտակետում՝ մարտական դիրքերից մեկում, որտեղ մարտական հերթապահություն են իրականացրել թվով 15 զինծառայողներ: Միաժամանակ, նա ստանձնած է եղել գումարտակի պահպանությանը վստահված թվով 10 մարտական դիրքեր ընդգրկող պահպանության շրջանի պատասխանատուի պարտականությունները։ Գ. Գ.-ն, պատասխանատու լինելով գումարտակի մարտական պատրաստության և նրա կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, չի ապահովել մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի կողմից առաջադրված մարտական խնդիրների՝ մասնավորապես, հակառակորդի մոտեցող ուժերին զենքի կիրառմամբ դիմադրություն ցույց տալու արդյունավետ կատարումը, ԳԳ.-ն ևս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, ՀՀ ԶՈՒ զինծառայողներից 2-ի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ», - փոխանցում է Գլխավոր դատախազությունը:

Սոնա Հարությունյան