Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տրամադրել պաշտոնական Բաքվին՝ տեղեկություններ տրամադրելու նոյեմբերի 16-ից Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողների վերաբերյալ։
Գերեվարված զինվորներից մեկին Ադրբեջանը օրերս էր վերադարձրել։ Հայկական կողմի տվյալներով' արյունալի մարտերից հետո ևս 31 զինծառայող ադրբեջանական գերության մեջ է։
Ստրասբուրգ դիմումներ ուղարկել էին ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը։ Նրանք միջազգային դատարանին խնդրել էին հրատապ միջոցներ կիրառել, որպեսզի Բաքուն տեղեկություն տրամադրի այս նոր գերիների մասին, ինչպես նաև ապահովի նրանք կյանքի իրավունքը: