«ԱԺ նախագահին կամ վարչապետին դիմակ չկրելու համար տուգանել չենք կարող»․ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:
Լրագրողի հարցին, թե հունվարի 1-ից ո՞վ է ստուգելու տնտեսվարողներին, Ասոյանը պատասխանեց.
«Կարգավորումները մշակման փուլում են, երբ վերջնական տեսքի կբերվեն, այդ ժամանակ հստակ կլինի, թե ո՞ւմ ի՞նչ վերահսկողական գործառույթներ են բաժին հասնելու»,- նշեց ղեկավարը:
Հարցին՝ ռեսուրսները բավարա՞ր են, որ նման լայնամասշտաբ ստուգումներ իրականացնեն, Ասոյանն ասաց.
«Ռեսուրսների խնդիրը միշտ էլ առկա է, բայց այնպես չէ, որ ամբողջ գործառույթը վերապահված է միայն տեսչական մարմիններին։ Այստեղ մեծ գործառույթներ ունի նաև ոստիկանությունը։ Նույնիսկ տոտալ վերահսկողության պայմաններում, որն իմ գնահատականով չի կարելի իրականացնել, հնարավոր չէ ապահովել անվտանգության այն ցանկալի մակարդակը, որն ընկալում ենք։ Այստեղ կա անձնական պատասխանատվության հարց։ Անկախ սահմանված կանոնների նորմերի բարդությունից ցանկացած քաղաքացի նախ ինքը պետք է հետևի այդ կանոնների պահպանմանը»,-նշեց Ասոյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից սննդի, ժամանցային և մշակութային վայրեր մուտքը հնարավոր կլինի միայն պատվաստվածների համար կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի դեպքում։